VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ» թերթը գրում է. ՀՀ կառավարությունը քննարկում է արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացրած` ավտոմեքենաների վրա գազաբալոնների տեղադրման կարգը խստացնելու օրենսդրական նախաձեռնությունը: Ըստ այդմ, վարորդները պետք է պարտադիր ունենան մեքենայի գազաբալոնի անվտանգության վկայագիր, եւ գազալցակայանի աշխատողը վարորդից պետք է պահանջի դրանք, հակառակ դեպքում մեքենան չի լիցքավորի: Այդ փաստաթղթերի բացակայության դեպքում օրենքով նախատեսված են բավական լուրջ տուգանքներ՝ 100 հազարից մինչեւ 1 մլն դրամի չափով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս թեմայով անցկացվել են հետազոտություններ, եւ պարզ է դարձել, որ վերջին 6 տարիների ընթացքում տեղի ունեցած 91 դժբախտ պատահարների գերակշռող մասի համար հիմք են ծառայել անորակ գազաբալոնները: Միայն 2012-2018թթ. ընթացքում գազալցակայաններում գրանցվել է 23 հրդեհի դեպք, զոհվել է երկու մարդ: Նույն ժամանակահատվածում գրանցվել է նաեւ 537 պայթյուն: Իսկ այս ամենի վերահսկողությունը դրվելու է ԱԻՆ-ի եւ ճանապարհային ոստիկանության վրա»:
Նույն թերթը գրում է. «Ապրիլի 9-ից Բարձրագույն դատական խորհուրդն օրենքով սահմանված կարգով անցնելու է իր գործառույթների իրականացմանը՝ նշանակելով դատարանների նախագահների: Եւ ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները` ԲԴԽ-ն պատրաստվում է ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում Արման Մկրտումյանի փոխարեն նշանակել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին: Հիշեցնենք՝ նա 2005-2007թթ. եղել է ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի նախագահ, 2008-2010թթ.` ՀՀ վարչական դատարանի նախագահ: Իսկ Մուկուչյանին կրկին դատական համակարգ են վերադարձնում՝ գնահատելով ընտրությունների ժամանակ նրա կատարած թվանկարչությունը: Իր նշանակման վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` երեկ Մուկուչյանը պատասխանել է. «Ես այսօր ԿԸՀ նախագահն եմ, հետեւաբար որպես ԿԸՀ նախագահ եմ պատասխանում հարցերին, եւ այս դաշտը դուրս է իմ գործառույթների տիրույթից, հետեւաբար ինձ կոմպետենտ եւ կոռեկտ չեմ համարում տեսակետ ներկայացնել»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օմբուդսմեն Արման Թաթոյանը կարծես մտադրվել է ամեն գնով հիմնավորելու տեսակետը, որ ինքը ոչ թե քաղաքացիների, այլ իշխանությունների, մասնավորապես ՀՀԿ-ի իրավունքների պաշտպանն է: 2017թ. տարեկան զեկույցում ՄԻՊ-ն անդրադարձ է կատարել նաեւ ընտրական իրավունքին՝ խորհրդարանական եւ Երեւանի ավագանու ընտրությունների համատեքստում: Բայց «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ զեկույցի տասը էջերում /այդքան է հատկացված ընտրական իրավունքին/ ՄԻՊ-ը շատ հմտորեն շրջանցել է ընտրությունների վրա լրջագույն ազդեցություն ունեցած գործոնի՝ ընտրակաշառքի թեման: Այնինչ` հիշում եք` ե՛ւ խորհրդարանական, ե՛ւ Երեւանի ավագանու ընտրություններին փողը հոսում էր գետի նման եւ հոսում էր ոչ միայն ՀՀԿ, այլեւ շատ ուրիշ կուսակցությունների թեկնածուների շտաբերից: ՄԻՊ-ը շրջանցել է նաեւ քվեարկության օրը ընտրողների ահաբեկման ու վերահսկման թեման: Մինչդեռ, հիշեցնենք, այդ ամենը արձանագրել էին միջազգային դիտորդները, մասնավորապես ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը՝ իր զեկույցում նշելով. «Լայնածավալ ընտրակաշառքի մասին պնդումները եւ ընտրողների նկատմամբ ճնշումներն ու ահաբեկումը բացասաբար են ազդել ընտրարշավի վրա՝ մեծացնելով ընտրական գործընթացի նկատմամբ արդեն իսկ առկա անվստահությունը»: Անգամ ՍԴ որոշման մեջ անդրադարձ կար ընտրակաշառքի թեմային, եւ արձանագրված էր, որ քաղաքական կոռուպցիան խարխլում է երկրի անվտանգությունը: Բայց արի ու տես, որ Արման Թաթոյանը զլացել է զեկույցում խոսել այս մասին, չէ՞ որ այդ դեպքում կստացվեր` նա դուրս է գալիս իշխանության դեմ, այն իշխանության, որն իրեն ՄԻՊ է դարձրել»:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մարտի 27-ին ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ու փոխկապակցված անձնաց գույքի, եկամուտների 2017 թվականի հայտարարագիրը: Նախորդ տարվա ընթացքում Հարությունյանի եկամուտները գոյացել են աշխատանքի վարձատրության եւ/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից եւ կազմել են 9 906 093 դրամ: Հարությունյանի դրամական միջոցները նախորդ տարվա համեմատ աճել են 1 500 000 դրամով եւ կազմում են 10 000 000 դրամ եւ 20 000 դոլար: Նրա տիկնոջ՝ Նարինեի եկամուտներն անցյալ հարկային տարվա ընթացքում կազմել են 32 688 938 դրամ, որից 9 200 000 դրամը աշխատանքի վարձատրությունից, իսկ 23 488 938 դրամը՝ շահաբաժնից: Հարությունյանի տիկնոջ հարկային տարում ձեռք բերած եւ օտարած արժեթղթերը եւ այլ ներդրումները հրապարակված չեն, ինչը նշանակում է, որ գործարքի ընդհանուր գինը չի գերազանցել 8 000 000 դրամը: Արդարադատության նախարարն ունի 6 բնակարան, անհատական բնակելի տուն, այգետնակ (ամառանոց) եւ հողամաս: Դավիթ Հարությունյանը նաեւ կոլեկցիոներ է. դեռեւս 2012 թվականին նրա հայտարարագրում նշվում են մետաղադրամների եւ գեղանկարների հավաքածուները, որոնցից յուրաքանչյուրն արժե առնվազն 8 մլն դրամ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանում 2 թափուր հաստիք կա: Մեկը թոշակի գնացած Կիմ Բալայանի տեղն է, մյուսը՝ հունիսին թոշակի գնացող Վլադիմիր Հովհաննիսյանի: Բալայանի՝ թոշակի գնալուց հետո ՍԴ անդամ դարձավ Հրայր Թովմասյանը, ով հետո ընտրվեց ՍԴ նախագահ, եւ հիմա տեղը թափուր է: Մեր տեղեկություններով՝ ՍԴ անդամության հավակնորդ է նախագահի իրավաբանական վարչության պետ Գրիգոր Մուրադյանը: Նա սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ էր, արդարադատության փոխնախարար, 2007-2011թթ․ էլ աշխատել է ՍԴ-ում՝ որպես խորհրդական: Ապրիլի 9-ից հետո ՍԴ անդամ դարձող անձը կպաշտոնավարի 12 տարի»: