VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ժամանակ»-ի աղբյուրները տեղեկացնում են, որ Ռուսաստանը պատրաստվում է երրորդ վարկը տրամադրել Հայաստանին, որով Հայաստանը զենքի հերթական խմբաքանակն է գնելու Ռուսաստանից: Ըստ մեր աղբյուրի՝ սա լինելու է Ռուսաստանի պատասխանը Ադրբեջանին, որը ոչ միայն հրաժարվում է Ռուսաստանից զենք գնել, այլեւ նախապատվությունը տալով թուրքական, պակիստանյան, իսրայելական եւ վերջերս էլ բելառուսական զենքի մատակարարներին, որ ավելի վատ է՝ հակաքարոզչական արշավ է սկել ռուսական զինտեխնիկայի դեմ, հայտարարելով, որ այն անորակ է ու ոչ արդյունավետ: Ռուսական այս վարկը, ի տարբերություն նախորդների, լինելու է անտոկոս եւ դրանով ձեռք բերված «Իսկանդեր» տակտիկական հրթիռային համալիրների ավելի մեծ խմբաքանակը տեղաբաշխվելու է Ադրբեջանին սահմանամերձ տարածքներում՝ նշանառության տակ վերցնելով ռազմավարական նշանակության ենթակառուցվածքները: Ռուսներն ուզում են դրանով հասկացնել, որ եթե Ադրբեջանը իսկապես ուզում է ստուգել ռուսական զենքի որակն ու արդյունավետությունը, ապա Հայաստանը կարող է դա ցույց տալ»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնությունը մինչեւ ապրիլի 17-ը մի շարք կրեատիվ ակցիաներ է պլանավորում, որոնցից մեկը, օրինակ, արագաչափերի եւ տեսանկարահանող սարքերի «տեսախցիկները» Սերժ Սարգսյանի լուսանկարներով փակելն է։ Ուրբաթ օրը նախաձեռնող խումբը հանդիպել է նաեւ Սերժ Սարգսյանի դեմ պայքարի դուրս եկած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ։ «ՔՊ» կենտրոնական գրասենյակում կայացած հանդիպման ընթացքում կողմերը համաձայնության են եկել միմյանց հետ համագործակցելու շուրջ։ Դրանք կարող են լինել իրազեկման ակցիաների, բուկլետների տարածման, միմյանց միջոցառումներին մասնակցելու տեսքով»:
Նույն թերթը գրում է. «Չնայած շաբաթներ առաջ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարեց, թե ինքը կարող է լինել «Ելք»-ի վարչապետի թեկնածուն, բայց այդ հարցը խմբակցությունում դեռ պետք է քննարկվի եւ դրանից հետո նոր վերջնական որոշում կայացվի: Այդուհանդերձ, մեր տեղեկություններով, խմբակցությունում հակված չեն թեկնածու առաջադրելուն։ «Չկա միասնական մոտեցում, չի էլ լինի թեկնածու»,- ասաց մեր աղբյուրը։ Այսպես են մտածում «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունների ներկայացուցիչները, որոնք կարծում են, որ թեկնածու կարելի էր առաջադրել միայն այն դեպքում, եթե խորհրդարանում գնար պայքարը, այլ ոչ թե փողոցում։ Հիմա, երբ «ՔՊ»-ն միայնակ գործուղվել է փողոց, թեկնածու ունենալը նպատակահարմար չեն համարում»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հիմնած «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ակադեմիա» հիմնադրամը դատական հայց է ներկայացրել արտաքին գործերի նախարարության դեմ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հիմնադրամը, դիմելով ՀՀ վարչական դատարան, պահանջել է պարտավորեցնել ԱԳՆ-ին երկարաձգել «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ակադեմիա» հիմնադրամի գրանցումը: «Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց ԱԺ նախկին պատգամավոր, ակադեմիայի ռեկտոր Մհեր Շահգելդյանի հետ: Վերջինս պարզաբանեց. «Խնդիրը կապված է մեքենաների գրանցման հետ: Ամեն տարի մեքենաների գրանցումը թարմացվում է, եւ մենք ցանկանում ենք, որ ամեն տարի չթարմացվի գրանցումը, այլ լինի մշատական, ուստի այդ տեսանկյունից ենք դիմել դատարան, խնդիրը տեխնիկական հարթության մեջ է»:
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Շիրակի մարզի Աշոցքի զինկոմիսարիատում առեղծվածային դեպք է տեղի ունեցել: Զինկոմիսարիատից անհետացել են երկու ինքնաձիգ եւ 48 փամփուշտ: Այս ամենը բացահայտվել է հերթափոխի փոփոխության ժամանակ: Հերթափոխ ընդունող զինվորականը, տեսնելով բացթողումը, այդ մասին հայտնել է իրավապահներին: Այժմ զինկոմիսարիատում հարցաքննություններ են սկսվել՝ պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել: Մեզ հայտնի դարձավ, որ զինկոմիսարիատի աշխատակիցները, հերթափոխի եղած զինվորները վստահաբար պնդում են՝ իրենք անհետացած ինքնաձիգների եւ փամփուշտների հետ որեւէ առնչություն չունեն: Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Աշոցքի զինկոմիսար Լեւոն Կարապետյանին, որը հայտնեց. «Ես մինչեւ հիմա շոկի մեջ եմ, բայց կատարվածի մանրամասներից տեղյակ չեմ: Կներեք, բայց իմ իրավասությունների շրջանակում չէ, որ ես Ձեզ բան հայտնեմ, ոչ թե որեւէ բան եմ թաքցնում, պարզապես իմ իրավասություններից դուրս է»: