Անկարայի դատախազությունը Ֆեթուլլահ Գյուլենին ձերբակալելու որոշում է կայացրել
2016 թվականի դեկտեմբերին Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում թուրք ոստիկանի կողմից սպանված ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության գործով Անկարայի դատախազությունը կայացրել է 8 հոգու ձերբակալման որոշում, նրանց թվում է նաև թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, ով Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվում է 2016թ.-ի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:
Մինչ այս որոշման արձակումը հետաքննության շրջանակներում ձերբակալված են եղել գործով 7 կասկածյալ, որոնք ենթադրաբար կապ ունեն գյուլենականների կրոնական միությունների հետ:
Ավելի վաղ Անկարայի դատախազությունը հայտարարել էր, որ ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության պատվիրատուն հենց Ֆեթուլլահ Գյուլենն է: Դատախազը նշել էր, որ Կառլովին սպանող Ալթընթաշը պարբերաբար կապի մեջ է գտնվել գյուլենականների հետ և սպանության հրամանը ստացել Կիպրոս այցելության ժամանակ գյուլենականների հետ հանդիպման ընթացքում։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Անկարայի դատախազությունը ապրիլի 2-ին ՌԴ դեսպանի սպանության գլխավոր կազմակերպիչ է հայտարարել ԱՄՆ-ում բնակվող թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին: Սակայն ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հնարավորության մասին որոշում կկայացնեն միայն Անկարայի կողմից գործի վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու դեպքում: