Հայացք Բաքվից. Ղարաբաղում պատերազմի վերսկսման վտանգը պահպանվում է
Վերջին երկու տարվա ընթացքում ղարաբաղյան հակամարտության գոտում որակական փոփոխություններ տեղի չեն ունեցել, իսկ պատերազմի վերականգնման ռիսկերը պահպանվել են։ Վերջին ամիսներին փոխհրաձգության ինտենսիվությունը նվազել է։ Սակայն ապրիլյան պատերազմից առաջ նույնպես իրավիճակը խաղաղ էր` դա կարող է լինել խաղաղություն փոթորիկից առաջ։ Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Ազատ Իսազադեն։
Նա նշել է, որ այսօր ոչ մի կառույց չի ցանկանում ու չի կարող լուծել ղարաբաղյան հակամարտությունը։ Աշխարհի ոչ մի կենտրոն չի ցանկանում ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորում այսօրվա միջազգային իրավիճակում։
Նա հավելել է, որ «Ադրբեջանին այլ ելք չի մնում, քան ռազմական ճանապարհով վերականգնել իր տարածքային ամբողջականությունը»։
Իր հերթին ռազմական փորձագետ Թելման Աբիլովը նշել է, որ Ղարաբաղում պատերազմի վերսկսման վտանգը պահպանվում է` չնայած վերջին շրջանում խոշոր բախումներ չեն գրանցվել։ Ըստ նրա, կայուն խաղաղություն հաստատելու համար նախադրյալներ չկան` շարունակվում է սպառազինությունների մրցավազքը։
Նա հավելել է, որ զորքերը շատ հաճախ միմյանցից գտնվում են մի քանի հարյուր մետր հեռավորության վրա։