ԱՄՆ-ն կքննարկի Գյուլենի արտահանձնման հարցը
ԱՄՆ-ն որոշում կկայացնի իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հնարավորության մասին Անկարայի՝ Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանությանը առնչություն ունենալու պնդումների կապակցությամբ, երբ թուրքական կառավարությունը գործի վերաբերյալ փաստաթղթեր կներկայացնի:
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԱՄՆ արդարադատության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նիկոլ Նավասին:
Նրա խոսքով՝ որոշումը կայացվելու է բացառապես փաստերի հիման վրա եւ ԱՄՆ-ի օրենքների համաձայն: «Մենք կքննարկենք ցանկացած նյութ, որը Թուրքիայի կառավարությունը կարող է մեզ տրամադրել այս հարցով: Մենք փաստերի հիման վրա եւ ԱՄՆ-ի օրենքներին համապատասխան արտահանձնման վերաբերյալ որոշում կկայացնենք»,- համապատասխան հարցին պատասխանել է նա:
Անդրեյ Կարլովը սպանվեց 2016 թվականի դեկտեմբերի 19-ին Անկարայում ֆոտոցուցահանդեսի բացմանը ելույթի ժամանակ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը դեպքը որակել է որպես ահաբեկչական գործողություն:
Անկարայի դատախազությունը ապրիլի 2-ին ՌԴ դեսպանի սպանության գլխավոր կազմակերպիչ է հայտարարվել ԱՄՆ-ում բնակվող թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը: Դատախազությունը նրա եւ եւս 7 կասկածյալի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացրել։ Գուլենի եւ եւս 7 կասկածյալի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացրել։
Թուրքիայի իշխանությունները Գյուլենին մեղադրում են նաեւ 2016 թ-ի հուլիսի 15-ի ռազմական ձախողված հեղաշրջման կազմակերպման մեջ, ինչը ինքը՝ 1999 թվականից որպես վտարանդի ԱՄՆ-ում բնակվող ազդեցիկ չափավոր Իսլամի քարոզիչ, «Հիզմեթ Հարեքեթի» կրոնական շարժման առաջնորդ, նախկինում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի դաշնակից Ֆեթուլլահ Գյուլենը, կտրականապես հերքում է:
Թուրքիայի իշխանությունները պահանջել էին ԱՄՆ իշխանություններից արտահանձնել Գյուլենին, սակայն ամերիկյան իշխանությունները չեն բավարարում այդ պահանջը: ԱՄՆ-ի Պետքարտուղարության խոսնակ Ջոն Քըրբին անցյալ տարի հայտարարել էր, որ իրենք ստացել են և ուսումնասիրում են թուրքական իշխանությունների ուղարկած համապատասխան փաստաթղթերը: Նշելով, որ Գյուլենի արտահանձնման հարցում առայժմ զարգացում չկա, Քըրբին հավաստիացրել է` գործընթացը իրականացվելու է օրենքի շրջանակներում:
Էրդողանը Գյուլենին մեղադրում է պետական հեղաշրջման փորձի և բարձրաստիճան պետծառայողների հեռախոսային խոսակցությունները զանգվածաբար լսելու գործը կազմակերպելու մեջ, որոնց մի մասի վերծանումն օգտագործվել է 2013 թվականի դեկտեմբերի 17-25-ին Թուրքիայում Էրդողանի որդու, դստեր, փեսայի և կառավարության 4 անդամների մասնակցությամբ մեծածավալ կոռուպցիոն գործողությունների բացահայտման համար: