ԱՄՆ քաղաքականությունը վկայում է Սառը պատերազմի տարիներին վերադառնալու մասին. Նարիշկին
Մոսկվայի նկատմամբ Վաշինգթոնի քաղաքականությունը թույլ է տալիս խոսել Սառը պատերազմի տարիներին վերադառնալու մասին, Մոսկվայում ընթացող միջազգային անվտանգության համաժողովում հայտարարել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:
Նրա խոսքով՝ պայքարը գոյություն չունեցող, այսպես կոչված, «ռուսական սպառնալիքի» դեմ Վաշինգթոնի քաղաքականության համար դարձել է իսկական իդեա ֆիքս: «Այն այնպիսի չափերի է հասել եւ այնպիսի անհեթեթ հատկանիշներ ձեռք բերել, որ ճիշտ ժամանակն է խոսելու Սառը պատերազմի մռայլ տարիների վերադարձի մասին»,- ասել է Նարիշկինը:
Նա նշել է, որ հարաբերությունների սրման համար օբյեկտիվ պատճառներ չկան: «Սառը պատերազմը վաղուց ավարտվել է, գլոբալիզացիայի պայմաններում Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ գաղափարախոսական դիմակայությունը վերացել է»,- ընդգծել է նա:
Նրա խոսքով՝ համաշխարհային հանրության առջեւ միանգամայն նոր մարտահրավերներ են ծառաած, ինչպիսին են միջազգային ահաբեկչությունը, աշխարհում կայուն զարգացման եւ էկոլոգիական անվտանգության ապահովումը:
«Դրանց հնարավոր է պատասխանել միայն համատեղ ջանքերով, եւ պարզապես անհավանական է դա անել առանց Ռուսաստանի, հավասարապես նաեւ առանց Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի եւ բազմակենտրոն աշխարհի այլ բեւեռների մասնակցության»,- պարզաբանել է Նարիշկինը: