ՀԱՊԿ-ը կպայքարի անօրինական միգրացիայի դեմ
Հավաքական անվտանգության պայմանգրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետություններն անօրինական միգրացիայի դեմ պայքարում համագործակցության մասին համաձայնագիր են պատրաստել: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ, նա նշել է, որ համաձայնագրի ընդունումն այս տարի շատ հավանական է:
«Մենք խախտումների ամբողջական փաթեթ ենք բացահայտում բոլոր տեսակի ներգաղթյալների կողմից: 2017 թվականի տվյալներով՝ միգրացիոն օրենսդրության ավելի քան 170 000 խախտում է կասեցվել, հարուցվել է 44 673 քրգործ՝ անօրինական միգրացիայի կազմակերպման համար և 119 քրեական գործ մարդկանց առևտրով զբաղվելու համար», -ասել է նա:
Սեմերիկովը նաև ասել է, որ 2006 թվականից ի վեր ՀԱՊԿ երկրների իրականացրած գործողության շրջանակներում միջազգային հետախուզման մեջ գտնվող ավելի քան 3 հազար մարդ է ձերբակալվել: Ըստ այդմ, նա ընդգծել է, որ կարևոր է չձգձգել ապագա համաձայնագրի վավերականացումը: