25.11.2024
ՀՀ նախագահը Ֆրանսիայում և Իսրայելում նոր դեսպաններ է նշանակել
prev Նախորդ նորություն

Անօդաչուների արտադրությունը ուղղություն է, որում կունենանք առավելություններ. Փախչանյան

Հակառակորդն այս տարիներին լուրջ ներդրումներ է կատարել իր ԶՈւ-ում և համագործակցելով այլ երկրների հետ ու մեծ գնումներ կատարելով արտասահմանից, մասնավորապես՝ Իսրայելից, ձեռք է բերել միջոցներ, որոնք արդիական են և որոշակի առումով երբեմն ունեն առավելություն ունենալու հնարավորություն: Tert.am-ի հաղորդմամբ, այս մասին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանն ասել է «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-Էվոլյուցիա» հաղորդման եթերում` անդրադառնալով Ապրիլյան պատերազմի պատճառներին:


«Այն, թե նման զինատեսակներ ունենալով՝ հակառակորդն ինչպես դա կօգտագործի, ինչ արդյունքներ կունենա, լավ հասկանում ես փորձառությունից հետո: Հարվածային անօդաչուները՝ որպես զինատեսակ, առաջին անգամ պատերազմական գործողություններին մասնակցեցին Ապրիլյան պատերազմի ժամանակ:


«Կամիկաձե» կոչվող այդ ինքնաոչնչացող անօդաչուները և դրանց դեմ պայքարը որոշակի բարդություններ ուներ ոչ միայն մեզ համար, այլ նաև աշխարհում լավ լուծումներ չկան դրանց դեմ, ձևերից ամեն մեկն իր խնդիրներն ունի: Նմանօրինակ խնդիրներ մեր առջև ծառացան, ինչով և Ապրիլյան պատերազմից հետո մենք զբաղվեցինք»,- պարզաբանել է Դավիթ Փախչանյանը:


Նրա ձևակերպմամբ` հիմնական որակական փոփոխությունը, որը տեղի է ունեցել նաև մեր զինվորականների, ղեկավարիների, արտադրողների մոտ այն է, որ մենք կարող ենք ունենալ հայկական արտադրության, բարձր որակի, տեխնոլոգիական արտադրանքի զինատեսակներ:


«Դրան արդեն հավատում են թե՛ մեր զինվորականները, թե՛ արտադրողները: Դա շատ կարևոր է և արդեն ներառվել է մեր արդիականացման 7-ամյա ծրագրում, որտեղ լուրջ տեղ է տրվել հայրենական արտադրությանը»,-ասել է նա։


Հարցին, թե ինչու մինչ այդ տեղ չէր տրվում հայրենական արտադրությանը, փոխնախարարը պատասխանել է, որ ընդհանրապես աշխարհի բոլոր զինվորականներն էլ սովոր են հավատալ այն բանին, ինչ տեսել են իրենք աչքերով: Եվ մինչև չի տեսնվել, չի փորձարկվել, չի աշխատել, որոշակի թերահավատություն կա, դա, ըստ նրա, բնական է:


«Երևի ելնելով նրանից, որ մինչ այդ ուշադրություն չի դարձվել, ներդրումներ չեն արվել ոլորտում, պարզ է, որ արդյունքն էլ չի եղել այն, որը կարող էր համոզիչ լինել: Երկրորդ պատճառն այն է, որ որոշակի փոփոխություն է տեղի ունենում զենքի շուկայում: Նոր տիպի լուծումները, որ մեզ համար իրականանալի են դառնում, նոր տիպի մարտի վարման մեջ օգտակար և արդյունավետ են: Օրինակ՝ նույն անօդաչուներին անդրադառնանք: Այն, որ մենք կարող ենք անօդաչուներ արտադրել, մեր պոտենցիալը դա թույլ է տալիս, հայտնի էր, բայց, թե ինչքանով դա կարելի էր օգտագործել, ինչքանով դա արդյունավետ կլիներ, մեզ համար հարցականներ կային, և ոչ միայն մեզ համար, այլ նաև աշխարհում: Այսինքն` տեղի են ունենում որոշակի փոփոխություններ: Վերջին 2-3 տարիներին, երբ մասնակցում ենք ռոբոտաշինության միջազգային ցուցահանդեսներին, տեսնում ենք, որ գնալով ավելի շատ տեղ է տրվում նման տեսակի համակարգերին: Իսկ դա այն ուղղությունն է, որում մենք կարող ենք ունենալ առավելություններ` նկատի ունենալով մեր մասնագիտական պոտենցիալը»,-ասել է Դավիթ Փախչանյանը:


Նրա խոսքով` մենք չենք կարող թնդանոթի փող արտադրել, նման տեխնոլոգիաների համար չափազանց մեծ ներդրումներ են պետք և նման փոքր շուկաների համար անիմաստ է ինչ-որ առումով, բայց կան բաներ և դրանք նոր տիպի զենքեր են, որոնք կարող ենք արտադրել և որոնք դառնում են հետաքրքիր` մարտական կիրառության համար: