Հայրենիքը ՀՀԿ-ինը չէ, ժողովուրդն է որոշելու. Հակոբյանը՝ Լելե Թեփեն վերադարձնելու մասին
2016 թվականից հետո բավականին մեծ աշխատանք է կատարվել եւ այն խնդիրները, որոնք կային ապրիլյան պատերազմի ժամանակ, բոլորի վերաբերյալ համապատասխան միջոցներ են ձեռնարկվել: Այս մասին «Եռաբլուր»-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը։
Հակոբյանը վստահություն է հայտնել, որ հակառակորդը այդպիսի ռազմական գործողություն այլեւս չի կարող իրականացնել, քանի որ հայոց բանակը պատրաստ է:
«Հակառակորդի նկատմամբ գերակայություն ձեռք բերելու ուղղությամբ այժմ աշխատանքներն ենք իրականացնում»,-ասել է նա՝ նշելով, որ նոր սպառազինություն է ձեռք բերվել:
Լրագրողների հարցին, թե արդյոք ապրիլյան պատերազմում կորցրած Լելե Թեփեն վերադարձնելու անհրաժեշտություն չկա և երբ են պատրաստվում ետ բերել այդ բարձունքը, Հակոբյանը նշել է՝ երբ դրա վերաբերյալ անհրաժեշտ որոշում կայացվի: Նաև քննադատել է որոշ ՀՀԿ-ականների այն հայտարարությունները, թե կորցրած տարածքները ռազմավարական նշանակության չեն.
«Հայրենիքը Հանրապետական կուսակցությանը չէ, եւ հայ ժողովուրդն է որոշելու: Լելե Թեփեն ռազմավարական նշանակության տարածք չի համարվում»,- շեշտել է նա:
Հիշեցնենք, 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում Ադրբեջանը սկսեց Ապրիլյան պատերազմի ռազմական գործողությունները: Ապրիլ ամսվա ընթացքում, ընդհանուր առմամբ, հայկական զինված ուժերից մարտական գործողությունների հետևանքով, ըստ պաշտոնական վիճակագրության, զոհվել է 110, վիրավորվել 121 զինծառայող:
Ինչ վերաբերում է ադրբեջանական զինուժի կորուստներին՝ այս մասին հստակ տվյալներ չկան: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը մարտական գործողությունների օրերին հայտարարել է միայն 31 զինծառայողի կորստի մասին, սակայն տարբեր աղբյուրների տվյալներով՝ ադրբեջանական կողմը մոտ 300 զոհ է ունեցել: