Ո՞վ ես դու, որ միջնորդություն առաջարկես, քեզնից մեծ գործերի մի խառնվիր. Էրդողանը՝ Մակրոնին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկին։ Վերջինս պատրաստակամություն էր հայտնել միջնորդի դեր ստանձնել Սիրիայի հյուսիսում տեղակայված «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (ՍԴՈՒ-SDG) խմբավորման և Թուրքիայի միջև։
«Ո՞վ է քեզ նման պարտականություն տվել։ Քեզանից մեծ գործերի մեջ մի մտիր։ Այդ երբվանի՞ց է Թուրքիան խնդիր դրել իր առաջ՝ նույն սեղանի շուրջ նստել ահաբեկչական խմբավորումների հետ։
Դուք դա կարող եք անել, իսկ Թուրքիան իր պայքարը կշարունակի այնպես, ինչպես դա Աֆրինում եղավ։ Դուք ո՞վ եք, որ համարձակվում եք առաջարկել Ձեր միջնորդությունը Թուրքիայի և ահաբեկչական խմբավորման միջև։ Նրանք, ովքեր դեռ պատասխան չեն տվել սեփական արյունոտ անցյալի համար, կարող են իրենց պատկերացնել ահաբեկչական խմբավորման կողքին, սակայն Թուրքիայի համար դա բացառված է», - Ermenihaber-ի փոխանցմամբ, հոխորտացել է Թուրքիայի նախագահը։
Էրդողանը նաև հայտարարել է, որ նման առաջարկ անելուց հետո Ֆրանսիան այլևս ոչ մի իրավունք չունի երբևէ դժգոհել ահաբեկիչներից, ահաբեկչական խմբավորոմներից և նրանց գործողություններից։