Ամերիկյան The Hill պարբերականը Ռուսաստանի ու Իրանի հետ Վաշինգտոնի վատթարացող հարաբերությունների համատեքստում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրներին, որը փորձում է փորձում է միավորող օղակ դառնալ Ամերիկայի երկու հակառակորղների՝ մոսկվայի ու Թեհրանի համար:
Հոդվածագիրը սկզբում անդրադարձել է Մեծ Բրիտանիայում ռոսւաստանցի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի ու նրա դստեր սկանդալային թունավորման խնդրին, որը հանգեցրել է դիվանագիտական պատերազմով ուղեկցվող Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունների կտրուկ սրման: «Թրամփի վարչակազմը վերջին դեպքերից հետո ավելի կոշտ դիրքորոշում է զբաղեցրել Մոսկվայի ու նրա աջակիցների նկատմամբ», - նշում է նյութի հեղինակ Ջեյմս Քոյլը եւ ենթադրում, որ սա վատ նորություն է այն երկրների համար, որոնք համագործակցում են Ռուսաստանի հետ պաշտպանական ոլորտում:
Նա նշում է, որ ամերիկյան հնարավոր պատժամիջոցները խնդիրներ կստեղծեն գրեթե բոլոր հետխորհրդային պետությունների համար: «Բացառություն կլինեն միայն Ուկրաինան ու Վրաստանը, որոնք Ռուսաստանից զենք չեն գնում: Կովկասում ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ի շրջանակից դուրս գտնվող դաշնակիցներից մեկը՝ Հայաստանը, վտանգի գոտում է՝ Ռուսաստանի և Իրանի հետ ունեցած կապերի պատճառով»,-գրում է հեղինակը՝ նկատելով, որ Հայաստանի կառավարությունը պաշտոնապես վարում է փոխլրացնող արտաքին քաղաքականություն՝ փորձելով հավասարակշռել Ռուսաստանի ու Արևմուտքի հետ ունեցած լավ հարաբերությունները:
Քոյլը հիշեցնում է, որ Հայաստանի տարածքում կա ավելի քան 5.000 ռուսասատցի զինծառայող և որ Ռուսաստանը Հայաստանին զենք մատակարարող գլխավոր երկիրն է:
«Բացի այդ, Հայաստանը ռազմական կապերի մեջ է Իրանի հետ»,-շարունակում է Քոյլը՝ հավելելով, որ 2015թ. Թեհրանի ու «միջնորդ վեցյակի» միջև կնքված պատմական միջուկային համաձայնագրի արդյունքում Երևանի համար Իրանի հետ համագործակցության ասպարեզում նոր հնարավորություններ բացվեցին: Հոդվածագիրը հավելում է, որ Հայաստանն ու Իրանը համագործակցում են ռազմաարդյունաբերության և գիտության ոլորտներում: Նա նշում է, որ պաշտպանական ոլորտում այս համագործակցության նոր թափն ընդամենը նախկինում երկրների միջև եղած ռազմական կապերի վերսկսումն է:
«Երևանը Ռուսաստան-Հայաստան-Իրան միության առանցքային կետն է»,-գրում է Քոյլը: հոդվածում մեջբերվում է Ռուսաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ, քաղաքագետ Վլադիմիր Եվսեևի կարծիքը. «Ժամանակն է, որ այս երկրների միջև ստեղծված պաշտպանական եռյակն ավելի պաշտոնական բնույթ ստանա»:
Հոդվածագիրն ընդունում է, որ Հայաստանը փոքր երկիր է ու իր ավելի հզոր հարևանների աջակցության կարիքն է զգում, բայց այն վտանգավոր ճանապարհ է բռնել՝ փորձելով միավորող օղակ դառնալ ամերիկյան շահերին հակասող երկու պետությունների՝ Ռուսաստանի ու Իրանի համար: «Եվրոպական Միությունը ճիշտ քայլեր է ձեռնարկում այն առումով, որ Հայաստանի հետ ստորագրել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ այդ երկրին այլընտրանք տալով թշնամական ուժերի միջև ընտրության հարցում: Միացյալ Նահանգները պետք է ևս խրախուսի Հայաստանին՝ օգնության համար Արևմուտքի կողմը նայելու համար»,- եզրափակում է Քոյլը: