Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Հայաստանում և մի շարք այլ երկրներում գրանցված ընկերությունների դեմ, որոնք Արցախի տարածքում զբաղվում են հանքարդյունաբերությամբ: Խոսքը, մասնավորապես, այնպիսի ընկերությունների մասին է, ինչպիսիք են՝ Vallex Group, Base Metals, ACP, «Թեղուտ» ընկերությունները, «Լեռնամետալուրգիայի ինստիտուտը», ինչպես նաև մի շարք ֆիզիկական անձինք:
«Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Հայաստանում և այլ երկրներում իրավաբանական գրանցում ունեցող այս ընկերությունները, ինչպես նաև մի շարք անհատներ Հայաստանի տարածքից բազմիցս անօրինականորեն հատել են Ադրբեջանի պետական սահմանը: Նրանք գրավյալ տարածքներում, առանց պատշաճ գրանցման, ձեռնարկություններ են ստեղծել և անօրինական շահույթ են ստացել մեծ քանակի ոսկու և այլ գունավոր մետաղների արդյունահանման շնորհիվ», - նշված է Ադրբեջանի գլխավոր դատախազության պաշտոնական հաղորդագրությահն մեջ:
Գերատեսչությունը տեղեկացնում է, որ խոսքը Քելբաջարի, Զանգելանի և Թարթառի շրջաններում գտնվող առնվազն վեց հանքավայրերի մասին է: Ադրբեջանական կողմը նաև պնդում է, որ հանքավայրերի արդյունահանման փաստերը հնարավոր է եղել ապացուցել նախևառաջ Azersky արբանյակից արված նկարահանումների միջոցով:
«Քրեական գործը հարուցվել է երկու հոդվածներով` անօրինական ձեռնարկատիրական գործունեության ծավալում և Ադրբեջանի սահմանի անօրինական հատում», - գլխավոր դատախազությանը վկայակոչելով հաղորդում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Ադրբեջանական կողմը նաև հայտարարում է, որ պատրաստվում է կարճ ժամանակահատվածում դիմել միջազգային աուդիտորական ընկերություններին` Azergold ընկերությանը հասցված վնասի չափը պարզելու նպատակով:
«Դրանից հետո դիմումներ կուղարկվեն միջազգային դատարան և այն պետությունների իրավապահ կառույցներին, որոնց տարածքում են գրանցված անօրինական գործունեությամբ զբաղվող այս ընկերությունները», - հայտարարում է Ադրբեջանի գլխավոր դատախազությունը:
Ադրբեջանցիների հրապարակած ցանկում տեղ գտած ընկերություններից մի քանիսը, դատելով մամուլի հրապարակումներից, վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղի տարածքում իրոք ակտիվ տնտեսական գործունեություն էին ծավալել: Այսպես, Vallex Group-ը շահագործում էր Դրմբոնի հանքավայրը, իսկ 2012 թվականին էլ հայտարարել էր Մարտակերտի շրջանի Կաշենի հանքավայրում 80 միլիոն դոլարի ներդրում կատարելու պատրաստակամության մասին:
Մոտ մեկ ամիս առաջ էլ` փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը Ստեփանակերտում ընդունել էր Vallex Group-ի կազմում գործող և ադրբեջանական կողմի ուշադրությանն արժանացած Base Metals ընկերության ղեկավարությանը: Այդ հանդիպման ընթացքում Սահակյանը նշել էր, որ «հանքարդյունաբերության զարգացումը լինելու է պետության ուշադրության կենտրոնում»:
Վերջին տասնամյակում հանքարդյունաբերությունը վերածվել է Լեռնային Ղարաբաղի տնտեսության առանցքային ճյուղերից մեկին: Այսպես, հանրապետության Վիճակագրական ծառայության կողմից նախորդ տարի ներկայացված տվյալների համաձայն՝ 2016-2017 թվականներին հանքարդյունաբերության և բաց հանքերի շահագործման ծավալները Լեռնային Ղարաբաղում ավելացել էին 189 տոկոսով: