Հայաստանում գործազրկության ցուցանիշները համահունչ չեն անցյալ 2017 թ.-ին պաշտոնական տվյալներով գրանցված 7,5 տոկոս տնտեսական աճին:
Մի քանի օր առաջ Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակեց զբաղվածության և գործազրկության մակարդակի, զբաղվածների և գործազուրկների թվերի տվյալները: Այդ ցուցանիշներն ինչ-որ առումով անգամ հակասական են տնտեսական գրանցված թռիչքային աճին:
Այսպես, ըստ ԱՎԾ տվյալների, գործազրկության տարեկան միջին մակարդակը 2017 թվականին կազմել է 17.8%՝ 2016 թվականի 18%-ի դիմաց։ Այսինքն՝ տարվա կտրվածքով գործազրկության միջին մակարդակը նվազել է ընդամենը 0.2 տոկոսային կետով։
Սա, կարելի է ասել, նվազում չէ։ Սակայն պատկերն ավելի է հետաքրքրանում, երբ դիտարկում ենք եռամսյակային տվյալները։ Ինչպես տեսնում եք գծապատկեր 1-ում, որը մեջբերում է b4b-ի կայքը, 2017 թվականի 4-րդ եռամսյակում գործազրկության մակարդակն ավելի բարձր է եղել (18%), քան 2016 թվականի 4-րդ եռամսյակում (17.1%)։
Ավելի պարզ ասած, 2017 թվականը փակել ենք ավելի մեծ գործազրկությամբ, քան 2016 թվականը։
Ընդ որում, գործազրկության մակարդակի կտրուկ աճ գրանցվել է հենց 2017-ի չորրորդ եռամսյակում՝ 16.5%-ից հասնելով 18%-ի։ Մինչ այդ՝ 2-րդ և 3-րդ եռամսյակներում, գործազրկությունը նվազում էր։
Ընդ որում, 2018 թվականի ընթացքում գործազրկության մակարդակի այս տատանումներն էլ (մասնավորապես՝ նվազումը) խիստ տարօրինակ են։ Այս տարօրինակությունը բավականին լավ երևում է 2-րդ գծապատկերում։ Առաջին հերթին ուշադրություն դարձրեք 2017 թվականի երկրորդ կիսամյակին։ Ինչպես տեսնում եք՝ զբաղվածների թիվը թռիչքաձև աճել է՝ 67 հազարով, սակայն գործազուրկների թիվը նվազել է ընդամենը 2.5 հազարով։
2017 թվականի երրորդ եռամսյակում հակառակ պատկերն է՝ զբաղվածների թիվը նվազել է 8.7 հազարով, սակայն գործազուրկների թիվն ավելի քան 20 հազարով է նվազել (անհասկանալի է՝ ինչպես է նվազել գործազուրկների թիվը, եթե զբաղվածների թիվը չի ավելանում)։ Իսկ չորրորդ եռամսյակում, ինչպես տեսնում եք, զբաղվածների թիվը զգալիորեն կրճատվել է (31.5 հազարով), իսկ գործազուրկներինն ավելացել է 16 հազարով։
Գործազուրկների միջին տարեկան թիվը 2017 թվականին կազմել է 218.9 հազար մարդ՝ 2016 թվականի 220.2 հազարի դիմաց։ Սակայն տարվա վերջին եռամսյակների արդյունքներով պատկերը հակառակն է՝ 2017 թվականի 4-րդ եռամսյակում գործազուրկների թիվը 220.2 հազար է՝ ավելի շատ, քան 2016 թվականի չորրորդ եռամսյակում (208.9 հազար մարդ)։
Փաստորեն, 2017 թվականի 7.5%-անոց տնտեսական աճը չի նվազեցրել գործազուրկների թիվը։ Հակառակը՝ այն ավելի է աճել, ինչը վկայում է այն մասին, որ 7.5% ցուցանիշով չափից դուրս շատ ոգևորվել պետք չէ։