Ադրբեջանական Socar ընկերությունը 3 միլիարդ դոլար կներդնի թուրքական նոր նախագծերում
SOCAR Turkiye Enerji ընկերությունը նախատեսում է 2018-2020 թվականներին Թուրքիայում նոր նախագծերի իրականացման համար 3 միլիարդ դոլար ներդնել: Այս մասին հայտնել է ընկերության ղեկավար Զաուր Գահրամանովը:
Նրա խոսքերով՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերության ներդրումները Թուրքիայի տնտեսության մեջ նախատեսվում են 19.5 միլիարդ դոլար ծավալով, որոնցից արդեն ներդրվել է 12.6 միլիարդը: Գահրամանովը հաղորդել է, որ 2019 թվականի սկզբին ընկերությունը մտադիր է ներդրումային որոշում կայացնել Թուրքիայում նավթաքիմիական համալիր կառուցելու համար:
«SOCAR Turkiye Enerji ընկերության բոլոր ընթացիկ նախագծերի իրականացումը բարեհաջող է ընթանում»,- ասել է ընկերության ղեկավարը: 2018 թվականին կավարտվեն Տրանսանատոլիական գազամուղի և NP3 STAR-ի շինարարական աշխատանքները: «Թուրքիան լավ շուկա է նավթաքիմիական արդյունաբերության ոլորտի համար, և մենք աշխատում ենք նոր ներդրումային նախագծերի վրա»,- նշել է Գահրամանովը: