25.11.2024
Հայաստանն առաջիկայում կստանձնի ՀԱՊԿ-ում նախագահությունը
prev Նախորդ նորություն

Պաշտպանության փոխնախարարը հանդիպումներ է ունենում ԱՄՆ-ում

ԱՄՆ աշխատանքային այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը պաշտոնական հանդիպումներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի տեղեկալների և ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչների հետ:

Ինչպես հայտնում է ՊՆ մամլո ծառայությունը, Տոնոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տարբեր ոլորտների համար պատասխանատու փոխտեղակալներ Ջերեմի Բրեների, Ռոբ Բերշինսկիի, Ջոն Հեֆերնի, Թոդ Չափմանի, ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի տարածաշրջանային հարցերի տնօրեններ Սելեստ Վոլանդերի և Վիկտորիա Թեյլորի, ինչպես նաև ԱՄՆ հայ համայնքի լոբբիստական կազմակերպությունների ղեկավար ներկայացուցիչների հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերվող հարցեր, պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները և համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը:

Հատուկ ուշադրություն է դարձվել մարդասիրական ականազերծման, խաղաղապահ կարողությունների զարգացման, ռազմակրթական, զինված ուժերում մարդու իրավունքների, բարեվարքության ամրապնդման, պաշտպանական բարեփոխումների և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերին: Կողմերը վերահաստատել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կառույցների՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի շրջանակներում համատեղ հանձնառությունների կատարման և նոր հանձնառությունների ստանձման պատրաստակամությունը:

Ամերիկյան կողմը հաստատել է, որ հետամուտ է լինելու շարունակել աջակցությունը ներկայումս իրականացվող բոլոր ծրագրերին և նոր նախաձեռնություններին՝ բարձր գնահատելով ինչպես պաշտպանական բարեփոխումների, փոխգործունակ կարողությունների զարգացման, այնպես էլ զինված ուժերում մարդու իրավունքների ամրապնդման ծրագրերի շրջանակներում ունեցած ձեռքբերումները: