26.11.2024
Թուրքիայում F-16 կործանիչ է վթարվել. օդաչուն մահացել է
prev Նախորդ նորություն

Մամուլ. ինչո՞վ է զբաղվելու Սերժ Սարգսյանը ապրիլի 9-ից 17-ը ճակատագրական ժամանակահատվածում

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Կառավարությունը ԱԺ-ի հաստատմանն է ներկայացրել անցյալ տարվա նոյեմբեի 20-ին ՎԶՄԲ-ի հետ «Ոռոգման համակարգերի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը: Այս համաձայնագրով Հայաստանը ստանում է 2 միլիոն դոլար վարկ: Գումարը, իհարկե, այնքան էլ մեծ չէ, բայց Հայաստանի արտաքին պարտքը այնպիսի կրիտիկական չափի է հասել, որ ավելի մեծ վարկի ակնկալիքներ էլ առանձնապես չկան»:


Նույն թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամները մի քանի փակ հանդիպումներ են ունեցել Ազատամարտիկների միության անդամների հետ՝ միասնական օրակարգով հանդես գալու նպատակով: Ճակատի անդամները հրավիրել են նաեւ Նիկոլ Փաշինյանին, ով, ըստ մեր տեղեկությունների, չի ընդունել հրավերը եւ ճակատի անդամների հետ հանդիպման չի գնացել: Այս հանդիպումների նպատակը Սերժ Սարգսյանի վարչապետության խոչընդոտումն է: Եթե միավորումը կայանա, հնարավոր է, որ պայքարը տեղափոխվի Ազատության հրապարակ, կլինեն շուրջօրյա նստացույցեր»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատական հայց է ներկայացվել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մարզպետն աշխատանքից ազատել է մարզպետարանի աշխատակից Վարազդատ Հակոբյանին, վերջինս էլ իր իրավունքները վերականգնելու համար դիմել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով իրեն վերականգնել աշխատանքի եւ վճարել հարկադիր պարապուրդի գումարը: Նկատենք, որ քաղաքացի Վարազդատ Հակոբյանը այսքանով չի բավարարվել եւ դատարան միջնորդություն է ներկայացրել, որ պատասխանողին, ի դեմս մարզպետի, արգելեն որոշակի գործողությունների իրականացումը: Սակայն դատարանը մերժել է Հակոբյանի միջնորդությունը, ինչը ըստ էության այդքան էլ զարմանալի չէ»:


Թերթի նույն համարում ասվում է. «Ապրիլի 9-ին կավարտվի Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը: Այդ օրը, երբ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը ստանձնի լիազորությունները, հրաժարական կտա նաեւ կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ: Բայց հետաքրքիր է այն փաստը, որ ապրիլի 9-ից 17-ը, այսինքն՝ մինչեւ նոր կառավարության ձեւավորումը, ո՛չ նախագահը, ո՛չ էլ վարչապետի պաշտոնակատարը չեն ունենա երկրի կառավարման լիազորություններ: Այդ օրերին երկրի փաստացի ղեկավարը լինելու է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ փորձել է պարզել, թե ի՞նչ է անելու Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ից 17-ը. որտե՞ղ է գնալու աշխատանքի: Չէ՞ որ վարչապետի նոր նստավայր՝ Բաղրամյան 26, նա կարող է վերադառնալ միայն այդ պաշտոնը ստանձնելու դեպքում: Ս. Սարգսյանի համար միակ աշխատավայրը մնում է իր ղեկավարած ՀՀԿ գրասենյակը: «Այն գործունեությունը, որ պարոն նախագահն անում է որպես կուսակցության ղեկավար, կատարում է Մելիք-Ադամյան 2-ում: … Սարգսյանն ինքն իր գրաֆիկն է որոշելու եւ տնօրինելու իր օրը»,- «Ժողովուրդ» օրաթերթի հարցին այսպես արձագանքեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը»:


«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 21-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հանդես էր եկել հաղորդագրությամբ` տեղեկացնելով ՀՀ մշակույթի նախարարությունում հայտնաբերված չարաշահումների մասին: 2014-2016թթ. ընթացքում «Հուշարձանների ամրակայում, նորոգում եւ վերականգնում» ծրագրի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարության պաշտոնատար անձինք փաստացի չկատարված կամ թերի կատարված աշխատանքներն ընդունել են որպես ամբողջությամբ կատարված, ինչի հետեւանքով դրանց դիմաց ՀՀ պետական բյուջեից վճարվել է ընդհանուր առմամբ 67 մլն ՀՀ դրամ` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս: Այդ ժամանակ ՀՀ մշակույթի նախարարն այժմ Սերժ Սարգսյանի խորհրդական Հասմիկ Պողոսյանն էր: «Ժողովուրդ» օրաթերթը երեկ մեկնաբանությունների համար դիմել է Պողոսյանին, սակայն նա հայտարարել է, թե ոչնչից տեղյակ չէ: «Ես չգիտեմ, թե ինչի մասին է խոսքը գնում, եթե կոնկրետ ձեւակերպումները լինեն, ես կմեկնաբանեմ, եթե դա կոնկրետ, այսպես ասած, իմ աշխատելու ընթացքի հետ է եղել»,- ասել է նա»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Ասել էիք՝ կհանդիպեք, կբանակցեք Սեյրան Օհանյանի հետ՝ «ճակատի» պայքարին միանալու համար, հանդիպե՞լ եք՝ հարցրինք «Ժառանգության» ղեկավար Արմեն Մարտիրոսյանին: «Դեռ չի հաջողվել»: Հրաժարվում է հանդիպել: «Ո՞վ ասաց, առժամանակ անց կարող է հանդիպենք, կարող է՝ ոչ»: Պարո՛ն Մարտիրոսյան, կարող ենք արձանագրել, որ ինչ- որ բան այն չէ: «Չեք կարող, որովհետեւ չեմ հանդիպել»: Պատճառը: «Չհանդիպելու պատճառը չհանդիպելն է»: Պարզ է: Իսկ «Ժառանգության» այսօրվա լիդերը՝ Արմեն Մարտիրոսյանը, ինչպես է վերաբերվում «իրենց» նախկին կանանց՝ Անահիտ Բախշյանի եւ Զարուհի Փոստանջյանի բանավեճին: «Այ, հազիվ նորմալ հարց տվեցիր, խիստ բացասական, եւ ցանկությունս է, որ իրենց «ռազբորկաների» մեջ քիչ հոլովեն «Ժառանգության» անունը, իրենք «Ժառանգությունից» ամեն ինչ ստացել են, եւ պետք չէ «Ժառանգության» անունն այլեւս հոլովեն»: Ի՞նչ են ստացել: «Հանրաճանաչություն, պատգամավորական մանդատ, հնարա-վորություններ, շատ բան»: Մեդա՞լն էլ նկատի ունեք. Ստեփան Սաֆարյանն ասել է, որ Անահիտ Բախշյանին տր¬ված մեդալի ճակատագիրը որոշել է բացարձակապես «Ժառանգությունը»: «Է՜... Ստյոպան կեսն ասում, կեսը չի ասում»:


«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ապրիլի 9-ից հետո տեղի կունենա Սերժ Սարգսյանի «իշխանափոխությունը»: Նա ՀՀ նախագահի պաշտոնից անցում կանի ՀՀ վարչապետի պաշտոնին: Բայց դրա հետ կապված ինչ-որ արարողություն կլինի, թե ոչ, կարծես թե դեռ որոշված չէ: «Նրա հրաժեշտի մասով հստակ որոշում չունենք, բայց ամեն դեպքում մի բան անելու ենք այդ օրը: Ամեն դեպքում թեթեւ մի միջոցառում կանենք՝ նախագահի նստավայրում»,-մեր թղթակից հետ զրույցում ասել է «ՀԺ»-ի ՀՀԿ-ական աղբյուրներից մեկը: Թե որն է այդպիսի, թեկուզ թեթեւ միջոցառման իմաստը, երբ Սերժ Սարգսյանը իր «պաշտոնափոխությունից» հետո նույնիսկ նստավայրը չի փոխելու, այնքան էլ չի հասկացվում»:


«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՉԻ» տեղեկություններով՝ Ավշարցի եղբայրներ՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը եւ ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանը անընդհատ ստիպված են լինում «սրբագրել» իրենց գյուղապետ եղբոր՝ Ավշար համայնքի ղեկավար Սուրիկ Գրիգորյանի քայլերը: Բանն այն է, որ այս անգամ գյուղապետը անդրադարձել է համայնքների խոշորացման թեմային: Խոսելով առաջիկա ընտրությունների մասին, հարակից գյուղերի ղեկավարների մոտ նա մշտապես հայտարարում է, որ եղբայրների շնորհիվ մյուս գյուղերը միանալու են Ավշարին եւ ինքն էլ դառնալու է խոշորացված համայնքի ղեկավար: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Արարատի նախկին մարզպետները մշտապես դժգոհել են, որ Ավշարը մարզում համարվում է ամենավատ հարկատուն»:


«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Հայաստանից ինքն իրեն «արտաքսած» ՕՐՕ-ի լիդեր Վարդան Օսկանյանն այնքան է հիասթափված հայաստանյան ներքաղաքական զարգացումներից, որ չի պատրաստվում ԱՄՆ-ից Հայաստան գալ` գոնե այս օրերին, երբ իր նախկին թիմակիցները շունչները պահած սպասում են, թե ինչով է ավարտվելու ապրիլի 9-17-ն ընկած անիշխանության շաբաթը:


«Մինասիչն ասել էր, որ այդ օրերին Հայաստանում կլինի, սակայն Հայաստան կգա մայիս-հունիս ամիսներին»,- տեղեկացրեց նրան մոտ կանգնած աղբյուրը: Ի դեպ, Օսկանյանը Նահանգներում է միայնակ: Նրա ընտանիքը մշտապես Երեւանում է. տիկին Նանին, ասում են, սիրիահայերի համար դպրոց է բացել, լեզուներ է սովորեցնում` յուր մյուս բիզնեսներին զուգահեռ, իսկ որդին, ինչպես միշտ, զբաղված է բետոնի գործով, ու ոչ ոք չի խանգարում նրան իր գործն անելու»: