Ադրբեջանում ՌԴ դեսպանի հարցը կքննարկվի Պուտին-Ալիև հանդիպմանը. աղբյուր
Ադրբեջանում ՌԴ դեսպանի նշանակման հարցը կլուծվի ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումից հետո: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց Մոսկվայում դիվանագիտական աղբյուրը:
Նրա խոսքով, Ադրբեջանը հստակ մերժեց Գեորգի Զուևի թեկնածությունը ՌԴ դեսպանի պաշտոնում հայամետ դիրքորոշում ունենալու պատվակով և դրանից հետո այս խնդրին անդրադարձ չի եղել` հաշվի առնելով մի շարք հանգամանքներ.
«Նախ, Մոսկվան սովոր չէ, որ իրեն մերժում են: Երկրորդ` թե’ ՌԴ-ում, թե’ Ադրբեջանում նախընտրական տրամադրություններ էին, և երրորդ` Սերգեյ Լավրովի հեռանալուց հետո և արտաքին գերատեսչության նոր ղեկավարի նշանակման արդյունքում Ռուսաստանը մի շարք դեսպաններ կփոխի կամ կտեղափոխի»,- նշեց մեր աղբյուրը:
Ինչ վերաբերում է Պուտին-Ալիև հանդիպմանը, ապա այն տեղի կունենա ապրիլից հետո, քանի որ որևէ կասկած չկա, որ Ալիևը կվերընտրվի:
2017 թվականի նոյեմբերի 27-ին Վլադիմիր Պուտինը ազատեց Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինին զբաղեցրած պաշտոնից:
Հիշեցնենք, որ ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը ևս մարտին ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը և դեռ հայտնի չէ, թե ով է նրան փոխարինելու այդ պաշտոնում: