25.11.2024
Թուրքիայի նոր ընտրակարգը գործում է ընդդիմության դեմ
prev Նախորդ նորություն

Իրանի քաղաքացին ՀՀ սահմանին իրեն սպասող անձանց նետել է 3 կգ «ափիոն». ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական պայքար մղելով թմրամիջոցների մաքսանենգության և դրանց ապօրինի շրջանառության դեմ, կանխել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի ներկրման հերթական դեպքը` խափանելով ՀՀ պետական սահմանով թմրամիջոցի մաքսանենգության առավել վտանգավորություն ներկայացնող կայուն ուղի:


Ինչպես տեղեկացում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հե­տախուզական միջոցա­ռումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ԻԻՀ քաղաքացի Լ.Ս.-ն Մեղրիի հատվածում մոտեցել է հայ-իրանական սահմանագծին և հայկական կողմում իրեն նախապես սպասող ՀՀ քաղաքացիներ Գ.Հ.-ի և Է.Հ.-ի ուղղությամբ` ինժեներա-տեխնիկական կառույցների փշալարերի վրայով, նետել է առանձնապես խոշոր չափերով՝ 3 կգ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցով 2 փաթեթ:


Փաթեթները վերցնելով՝ ՀՀ քաղաքացիներն իրենց ավտոմեքենայով փորձել են դրանք տեղափոխել, սակայն բռնվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից։


Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի («Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգություն») և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով («Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունը դրանք իրացնելու նպատակով»), նշված ՀՀ քաղաքացիները ձերբակալվել են:


Ըստ օպերատիվ աղբյուրների` հայտնաբերված «ափիոն» տեսակի թմրամիջոցի արժեքը «սև շուկայում» կարող է կազմել շուրջ 70 մլն դրամ։


Ընթանում է նախաքննություն։