Այսօր առավոտից շրջանառության մեջ լուրեր են դրվել, թե ՀՀ Զինված ուժերի շտաբի պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանը նշանակվելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետ:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը 2017 թվականի մայիսի 2-ից զբաղեցնում է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը, գրում է armtimes.com-ը: Հաշվի առնելով Յուրի Խաչատուրովի եւ Հայկազ Բաղմանյանի, մեղմ ասած, լավ հարաբերությունները, վերոնշյալ տեղեկությունները դժվար է անլուրջ համարել:
«Հայկական ժամանակ»-ի հարցին՝ ճի՞շտ է, որ Հայկազ Բաղմանյանը նշանակվելու է ՀԱՊԿ շտաբի պետ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը պատասխանեց. «Вопрос не ко мне. Все, конец»: Լակոնիկ սույն պատասխանից հետո Խաչատուրովն անջատեց հեռախոսը:
ՀՀ պաշտպանության նախարարությունում պնդում են, թե Բաղմանյանի նշանակման մասին որեւէ տեղեկություն չունեն:
Նշենք, որ ՀԱՊԿ շտաբի պետի պաշտոնը 2015 թվականից զբաղեցնում է գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը: Սույն պաշտոնը ռոտացիոն է:
Եթե Հայկազ Բաղմանյանի նոր նշանակման մասին լուրերն իրականություն դառնան, ինչը միանգամայն հավանական է, ստացվում է, որ ՀԱՊԿ-ն դառնում է Հայաստանում վարկաբեկված զինվորական կադրերի հավաքատեղի:
Բաղմանյանը պաշտոնից ազատվել էր 2017 թվականի դեկտեմբերին Սերժ Սարգսյանի հրամանագրով: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե ԳՇ պետի տեղակալն աշխատանքից ազատվելու դիմում է գրել իր հորդորով: Հարցին, թե որն է եղել հորդորի պատճառը, Վիգեն Սարգսյանը պատասխանել էր. «Աշխատանքային մի շարք պարտականությունների չկատարումը»:
Նշենք, որ այժմ ՀԱՊԿ միավորված շտաբի պետ է հանդիսանում գեներալ գնդապետ Անատոլի Սիդորովը: Նա այդ պաշտոնը զբաղեցնում է 2015 թ-ից:
ՀԱՊԿ միավորված շտաբի պետի պաշտոնում թեկնածուին առաջարկում է անդամ պետություններից մեկի ղեկավարը: Թեկնածուին այդ պատոնում նշանակում է անդամ պետությունների ղեկավարներից բաղկացած կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդը: