25.11.2024
ՄԻԵԴ-ը Թուրքիային մեղադրել է երկու լրագրողներին ապօրինի կալանավորելու համար
prev Նախորդ նորություն

Հայաստանից ԱՄՆ որոշ տեսակների ապրանքներ արտահանելը կհեշտանա

Միացյալ Նահանգները, աջակցելով Հայաստանի տնտեսության զարգացմանը, հայաստանցի գործարարներին արտոնյալ պայմաններ է տրամադրում ԱՄՆ հայկական արտադրանքի որոշ տեսակներն արտահանելու համար: Ու թեեւ այդ հնարավորությունից օգտվում են խոշոր գործարարները, մանր ու միջին ձեռնարկատերերին եղած ընթացակարգերը բարդ են թվում: Այս մասին գրում է Ամերիկայի ձայնը:


Խնդրին փորձել են լուծում տալ Վաշինգտոնում անցած ԱՄՆ-Հայաստան Առեւտրի ու ներդրումների խորհրդի նիստի ընթացքում, պատմում է հայկական պատվիրակության ղեկավար, Հայաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Հովհաննես Ազիզյանը. «Մենք պայմանավորվեցինք քննարկել, թե ինչպես է հնարավոր աջակցել հիմնականում հայկական մանր ու միջին բիզնեսի արտահանողներին եւ օգնել իրենց այդ գործընթացների փաստաթղթային ապահովումն իրականացնել»:


Հայաստանի համար Միացյալ Նահանգները կարեւորագույն տնտեսական գործընկերներից մեկն է, նշում է Հովհաննես Ազիզյանը: Նրա խոսքով, 2017 թվականին հայ-ամերիկյան առեւտրային շրջանառությունը զգալի ավելացել է. «2017 թվականին ապրանքների առումով առեւտրաշրջանառությունը 200 միլիոն դոլարից ավել է եղել, որը նախկին տարվա համեմատ 70 տոկոսի աճ է»:


Վաշինգտոնում անցած հանդիպումը ցույց տվեց, որ թե՛ Հայաստանում, թե՛ Միացյալ Նահանգներում շահագրգռված են խորացնել տնտեսական գործընկերությունը: «Խորացումը նշանակում է ոչ միայն առեւտրաշրջանառության կամ ներդրումային որոշակի ակտիվության ապահովում այլ նաեւ շատ դեպքերում դիվերսիֆիկացում», - նշում է փոխնախարարը:


Այսօր Հայաստանից Միացյալ Նահանգներ են արտահանվում ոչ միայն երկրում արտադրված ապրանքներ այլեւ՝ ծառայություններ, որոնց թվում հաշվառվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, ծրագրավորման արտադրանքը: Հենց այդ ուղղությամբ հայ-ամերիկյան համագործակցությունն ունի լուրջ ներուժ:


Հայկական կողմը նաեւ հավաստիացնում է, որ Երեւանին Միացյալ Նահանգների հետ տնտեսական համագործակցության զարգացման հարցում որեւէ կերպ չի խոչընդոտում Մոսկվայի կողմից ստեղծված Եվրասիական տնտեսական միությունում անդամակցությունը.


«Հանդիսանալով Մաքսային միության անդամ, դու ունես որոշակի գործընթացներով սահմանափակումներ, որոնք վերաբերում են, օրինակ, հիմնականում ազատ առեւտրի ռեժիմին, մաքսասակագնային գործընթացներին, իսկ ինչ վերաբերում է մյուս աշխատանքի ուղղություններին, ապա դրանց համար դու ունես մաքսիմալ ազատություն»: