Սերժ Սարգսյանը շնորհավորել է Սի Ծինփինին Չինաստանի նախագահ վերընտրվելու առիթով
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 17-ին, շնորհավորական ուղերձ է հղել Սի Ծինփինին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան նորանոր հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարօրություն:
Նախագահ Սարգսյանը վերահաստատել է իր պատրաստակամությունը շարունակելու համատեղ ջանքերով նպաստել Հայաստանի եւ Չինաստանի միջեւ փոխգործակցության առավել խորացմանն ու ընդլայնմանը՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների:
Ջերմությամբ հիշելով 2015 թվականի մարտին կայացած պետական այցը Չինաստան եւ դրա շրջանակներում նախագահ Սի Ծինփինի հետ ունեցած հանդիպումը՝ նախագահ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ հաջողությամբ են կյանքի կոչվում ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ խթանելով հայ-չինական բազմոլորտ եւ բազմաբովանդակ հարաբերությունները:
«Հայաստանը առանձնակիորեն կարեւորում է Չինաստանի հետ դեռեւս Մետաքսի մեծ ճանապարհի ժամանակներում գոյություն ունեցող պատմական բարեկամական հարաբերությունների ու փոխշահավետ գործակցության համակողմանի զարգացումը եւ ամրապնդումը ամենատարբեր ոլորտներում:
Այսօր էլ մենք պատրաստ ենք շարունակելու հարստացնել մեր ժողովուրդների բարեկամության էջերը նորանոր ձեռքբերումներով, այդ թվում՝ Չինաստանի նախաձեռնած տարածաշրջանային եւ միջազգային կարեւորագույն նախագծերում սերտ փոխգործակցությամբ»,-ասված է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում: