Սկրեպալի գործը. Ռուսաստանը 23 բրիտանացի դիվանագետների է արտաքսում
ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Լորի Բրիստոուն
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը իրենց երկրում Մեծ Բրիտանիայի դեսպանության 23 աշխատակիցների «անցանկալի անձ» (persona non grata) է հայտարարել՝ պահանջելով, որ մեկ շաբաթվա ընթացքում լքեն երկրի տարածքը:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Մոսկվան հետ է վերցրել նաեւ Սանկտ Պետերբուրգում Մեծ Բրիտանիայի գլխավոր հյուպատոսություն բացելու իր համաձայնությունը: Դադարեցվելու է նաև Բրիտանական խորհրդի գործունեությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Լորի Բրիստոուն կանչվել է ԱԳՆ:
Մարտի 14-ին Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Լոնդոնը որոշել է արտաքսել ռուս 23 դիվանագետի՝ կապված ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման փաստի հետ: Բրիտանական վարչապետի խոսքով` Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, ներգրավված է այդ միջադեպում: Ռուս 23 դիվանագետներ Մեծ Բրիտանիան կլքեն մարտի 20-ին:
Ավելին, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը հայտարարել էր , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անձամբ է որոշում կայացրել թունավորել ՌԴ նախկին սպա Սերգեյ Սկրիպալին:
Մոսկվան մերժում է իր դեմ ներկայացված մեղադրանքները եւ պնդում, որ բրիտանական կողմը դրանք հավաստող որեւէ ապացույց չի ներկայացրել: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Ջոնսոնի հայտարարությունն անվանել էր դիվնագիտական էթիկայի կոպտագույն խախտում: