28.11.2024
Փորձագետ. Էրդողանը չի կարողանա ապահովել ցանկալի արդյունքներ ընտրություններում
prev Նախորդ նորություն

Ի՞նչ զինատեսակներ են ձեռք բերել Հայաստանն ու Ադրբեջանը վերջին երկու տարում. SIPRI

Աշխարհի խնդիրների ուսումնասիրմամբ զբաղվող ստոկհոլմյան միջազգային ինստիտուտը՝ SIPRI-ն, երեկ հրապարակել է նոր զեկույց՝ աշխարհում զենք-զինամթերքի առք ու վաճառքի հետ կապված՝ 2013-2017 թվականների համար:


Համաձայն հրապարակված ինֆորմացիայի, Հայաստանը զենքի ներկրման ծավալով զբաղեցնում է 54-րդ տեղն աշխարհում: Նշվում է, որ 2 տարվա ընթացքում Հայաստանը ներկրել է զինամթերք՝ 124 միլիոն դոլար արժեքով, իսկ հիմնական երկիրը, որից գնվում է զենքը, Ռուսաստանն է:


«2016-2017 թվականների ընթացքում Հայաստանը ձեռք է բերել «Սմերչ» հրթիռային բազմակի համակարգի 6 միավոր, 200 միավոր «Վերբա» եւ «Կոռնետ» հակատանկային հրթիռային կոմպլեքսներ...»,- ասված է զեկույցում:


SIPRI-ի զեկույցում Հայաստանի հետ հակամարտող Ադրբեջանը զենքի ներկրման ծավալներով զբաղեցնում է 27-րդ տեղը: 2 տարվա ընթացքում Ադրբեջանը ձեռք է բերել 551 միլիոն դոլարի զենք-զինամթերք՝ հիմնականում Ռուսաստանից ու Իսրայելից:


Զեկույցի համաձայն՝ ընդհանուր առմամբ աշխարհում զենքի արտահանումը կենտրոնացած է մի քանի արեւմտյան երկրների ձեռքում։ Իսկ արեւելքում զենքի արտահանմամբ աչքի ընկնող երկրների ցանկում, բացի Թուրքիայից, տեղ են գտել նաեւ Իսրայելը եւ Հարավային Կորեան։ Զեկույցից հայտնի է դարձել, որ աշխարհում վաճառվող զենքի մեկ երրորդը մատակարարում է ԱՄՆ-ն։ ԱՄՆ-ից արտահանվող զենքի ծավալները վերջին հնգամյակում աճել են 25 տոկոսով, իսկ այդ սպառազինության ուղիղ կեսն ուղղվել է դեպի Մերձավոր Արեւելք։


Հենց Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում, որտեղ հատկապես վերջին տարիներին ռազմական գործողությունները հաճախակի են դարձել, զենքի վաճառքի ծավալները կրկնակի աճել են։ Զենքի հիմնական մատակարարներն այստեղ ԱՄՆ-ն եւ եվրոպական երկրներն են, իսկ տարածաշրջանում զենքի ամենախոշոր ներկրողը Սաուդյան Արաբիան է։


2013-2017թթ․ ընթացքում Սաուդյան Արաբիան 225 տոկոսով ավելի շատ զենք ու զինամթերք է ներկրել, քան նախորդ հնգամյակի ընթացքում։ Այս երկիրը զենքի երկրորդ ամենախոշոր ներկրողն է՝ աշխարհում՝ զիջելով միայն Հնդկաստանին։


Աշխարհի առաջատար զենք արտահանողների ցանկում ԱՄՆ-ին հաջորդում են Ռուսաստանը, Ֆրանսիան, Գերմանիան եւ Չինաստանը։ Այս երկրները մատակարարում են աշխարհում վաճառվող զենքի 74 տոկոսը։ SIPRI-ի զեկույցի համաձայն՝ աշխարհում վերջին հինգ տարում զենքի վաճառքի ծավալներն աճել են 10 տոկոսով։