Դուք հայրենիքի պաշտպանությանը նվիրված՝ վաղվա մեր քաղաքացիներն եք. Սրագսյանի ուղերձը
Այսօրվանից դուք հայրենիքի պաշտպանությանը նվիրված՝ վաղվա մեր քաղաքացիներն եք: Այս մասին նշված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Պատանի երկրապահ» կառույցի նորագիր անդամների երդման առթիվ արված ուղերձում:
Ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Երկրապահ կամավորականների միության հարգարժա՛ն անդամներ եւ հյուրեր,
«Պատանի երկրապահ» կառույցի սիրելի՛ նորագիր անդամներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հանդիսավոր երդման կապակցությամբ:
Արդեն ավանդական դարձած այս արարողությունը պատանի երկրապահ դառնալու խորհրդանշական մկրտություն է: Այսօրվանից դուք հայրենիքի պաշտպանությանը նվիրված՝ վաղվա մեր քաղաքացիներն եք:
Այս արարողությունը տեղի է ունենում մարտի 5-ին՝ Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան խորհրդանշական օրը: Հավատում եմ, որ դուք հավատարմորեն շարունակելու եք Սպարապետի հայրենասիրական մեծ գործը եւ Երկրապահ կամավորականների միության բարի ավանդույթները:
Մաղթում եմ բոլորիդ, որ հպարտությամբ եւ պատվով կրեք «Պատանի երկրապահ» անունը, որն առաջին հերթին պատասխանատվություն եւ պարտականություն է: Մաղթում եմ, որ ձեր պատանեկան ուժն ու եռանդը ծառայեցնեք հայրենանվեր գործերի եւ արձանագրեք նորանոր հաջողություններ: