24.11.2024
Դուք հայրենիքի պաշտպանությանը նվիրված՝ վաղվա մեր քաղաքացիներն եք. Սրագսյանի ուղերձը
prev Նախորդ նորություն

Արձանագրությունների չեղարկումը վերջին ժամանակների կարևորագույն ձեռքբերումն է. Ռուստամյան

Հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը վերջին ժամանակների կարևորագույն ձեռքբերումն է: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:


Նրա խոսքով, Դաշնակցությունը երկար տարիներ «ոչ»-ի շարժում է առաջ տարել և հետևողականորեն պահելով այդ «ոչ»-ի շարժումը խիստ կառուցողական ընթացքի մեջ՝ թույլ չտալով այն մտնի ծայրահեղությունների դաշտ, հասել նպատակին:


«Հայ-թուրքական արձանագրությունների չեղարկումը վերջին ժամանակների ամենագլխավոր ձեռքբերումն է: Կարելի է սխալվել, բայց պետք է նաև խիզախություն ունենալ այդ սխալը շտկելու: Բացի այդ, պետք է կարողանալ նաև օգուտներ քաղել, իսկ օգուտները նույնպես ակնհայտ են, քանի որ Թուրքիայի իրական դեմքը շատ ակնհայտ դարձավ: Ակնհայտ է, որ այդ երկիրն իր այս վարչակազմով շատ հեռու է քաղաքակիրթ աշխարհի արժեհամակարգից և նրա հետ հարաբերություններ կառուցել՝ մտածելով, որ Թուրքիան փոխվել է, արդեն նախկինը չէ և չի շարունակում Օսմանյան Թուրքիայի տխուր ավանդույթները, ինքնախաբեություն է: Մենք հերթական անգամ հասկացանք, թե ում հետ գործ ունենք»,- ասաց Ռուստամյանը:


Պատգամավորը նշեց, որ եթե պետք է արձանագրություն ստորագրվի, ապա պետք է շատ հստակ գրվի, որ կողմերը՝ Հայաստանն ու Թուրքիան, հաստատում են դիվանագիտական հարաբերություններ և այդ հարաբերությունների միջոցով ձեռնամուխ են լինում երկու երկրների միջև առկա բոլոր խնդիրների լուծմանը, որոնք բազմաթիվ են և պետք է լուծվեն՝ հարաբերություններ ունենալով: Այստեղ հարցերը պետք է տեղափոխվեն բոլորովին այլ՝ միջպետական հարաբերությունների դաշտ.


«Սա է այդ նախադասության իմաստը, որ մեր հայտարարության մեջ ասել ենք, և մենք այդպիսի հարաբերությունների հաստատմանը միշտ էլ կողմ ենք եղել: Դաշնակցությունը չի մերժում ընդհանրապես հարաբերություններ հաստատելը, բայց եթե չեն ճանաչել Ցեղասպանությունը, որի զոհ է Հայաստանն ու հայ ժողովուրդը, այլևս ոչ մի հարաբերություն՝ սա ամենամեծ զիջումն է, որ Հայաստանը և հայ ժողովուրդը կարող են անել ի շահ հարաբերությունների հաստատման»,- շեշտեց նա:


Հիշեցնենք, անցած շաբաթվա վերջին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման մասին. «Մենք կաշխատենք զարգանալ այնպես, ինչպես մինչև հիմա էինք զարգանում առանց Թուրքիայի հետ ունենալու դիվանագիտական հարաբերություններ»:


Նշենք, որ 2009-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները պետք է վավերացվեին 2 երկրների խորհրդարանների կողմից, համաձայն փաստաթղթի՝ «ողջամիտ ժամկետներում»։ Սակայն Թուրքիան տեւական ժամանակ երկարաձգում էր վավերացման ժամկետները, դեռ ավելին՝ պարբերաբար նախապայմաններ էր առաջ քաշում։ Արդյունքում՝ Հայաստանի նախագահը խորհրդարանից ետ կանչեց արձանագրությունները, սակայն մինչեւ 2018 թվականի մարտի 1-ը թողել էր Հայաստանի ստորագրությունը փաստաթղթի տակ։


Մինչ այդ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ հայ-թուրքական հարաբերություններում մինչեւ գարուն դրական գործընթացների բացակայության պարագայում, հայկական կողմը կչեղարկի այդ փաստաթղթերը: Նրա խոսքով, ապագայում եթե նոր տեղաշարժեր լինեն այս գործընթացում, ապա պետք է վարվեն նոր բանակցություններ՝ նոր պայամաններով: