Հետախուզման մեջ գտնվող ՀՀ-ում հայտնաբերված ԱՄՆ քաղաքացին հանձնվել է Միացյալ Նահանգներին
ՀՀ գլխավոր դատախազությունը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը համագործակցել են ԱՄՆ-ի կողմից հետախուզվող անձին հանձնելու հարցում, և հետախուզման մեջ գտնվող ՀՀ-ում հայտնաբերված ԱՄՆ քաղաքացին հանձնվել է Միացյալ Նահանգներին։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:
Նշվում է, որ ԱՄՆ-ի կողմից հետախուզվող անձի արագ հայտնաբերումը, ձերբակալումն ու հանձնումը հնարավոր է եղել ապահովել ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցների հետ ԱՄՆ իրավասու մարմինների սերտ համագործակցության արդյունքում:
Ինտերպոլի ուղիներով հետախուզվող ԱՄՆ քաղաքացին ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից ձերբակալվել է 2017թ. դեկտեմբերին՝ Երևանում։ Մեկ տարի առաջ այդ անձին ԱՄՆ-ում մեղադրանք է առաջադրվել երեխայի նկատմամբ երեք դրվագով սեռական բնույթի արարք կատարելու համար։ Նախքան դատական քննությունը գտնվելով ազատության մեջ հսկողության ներքո՝ տվյալ անձը փախուստի է դիմել՝ ԱՄՆ-ից գալով Հայաստան, ինչի կապակցությամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։ ԱՄՆ Պետական դեպարտամենտի, Վաշինգտոնում և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Դիվանագիտական անվտանգության ծառայության գործակալների և ՀՀ իրավապահ մարմինների համագործակցության արդյունքում վերջինների կողմից հետախուզվողն արագ հայտնաբերվել ու ձերբակալվել է:
ՀՀ գլխավոր դատախազությունը, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը, ԱՄՆ մարշալի ծառայության միջազգային քննության մասնաճյուղը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը սերտորեն համագործակցել են հանձնման գործընթացում։
Այս առնչությամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլս Կրտսերը հանդես են եկել հայտարարությամբ:
«Միջազգային հետախուզման մեջ գտնվող անձինք հաճախ լուրջ սպառնալիք են ներկայացնում հանրության անվտանգությանը: Մենք գնահատում ենք ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ իրավապահ մարմինների աշխատակիցների հետ սերտ համագործակցությունը՝ անձին այդքան արագ հայտնաբերելու, ձերբակալելու և հանձնելու ուղղությամբ ցուցաբերված աջակցության հարցում», – ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլս Կրտսերը։
Իր հերթին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է. «Բարձր ենք գնահատում ԱՄՆ իրավասու մարմինների հետ արդեն տասնամյակների պատմություն ունեցող մեր համագործակցությունը և դրա ապահովման գործում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործուն աջակցությունը։ Համագործակցության այս օրինակը վառ ապացույցն է նրա, որ ժամանակն ու տարածությունը խոչընդոտ չեն կատարած հանցանքի համար պատասխանատվության անխուսափելիության սկզբունքի կենսագործման համար և հանցանք կատարած յուրաքանչյուր ոք վաղ թե ուշ, որտեղ էլ գտնվի, առերեսվելու է արդարադատությանը»:
Հետախուզվողը կկանգնի ԱՄՆ դատարանի առաջ։ Մեղադրյալը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը հիմնավոր կասկածից վեր չափանիշով չի հաստատվել դատարանի կողմից։