Երկկողմ հարաբերությունները զարգանում են դրական դինամիկայով. Կվիրիկաշվիլի
Վրաստանին և Հայաստանին կապում են բազմադարյա բարեկամությունն ու բարիդրացիական հարաբերությունները. սա է այն հիմքը, որի վրա մենք կարողացել ենք նոր տիպի միջպետական հարաբերություններ հաստատել, և մենք ուրախ ենք, որ երկկողմ հարաբերությունները զարգանում են դրական դինամիկայով: Այս մասին Երևանում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ բանակցություններից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
«Անցած տարի մենք նշեցինք դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյա հոբելյանը, հենց այս տարիների ընթացքում հնարավոր դարձավ վստահության վրա հիմնված փոխշահավետ գործընկերություն զարգացնել մեր երկու եղբայրական ժողովուրդների միջև: Մեր պատվիարկության կազմում են ինչպես նախարարներ, այնպես էլ խորհրդարանական բարեկամական խմբի ներկայացուցիչը: Քննարկել ենք երկկողմ հարաբերությունների բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում են տնտեսական երկկողմ հարաբերություններին. ողջունում եմ այն փաստը, որ ունենք կայուն դինամիկա առևտրատնտեսական հարաբերություններում: Իմ գործընկերոջը շնորհավորում եմ Հայաստանում տնտեսական աճի շատ բարձր ցուցանիշի կապակցությամբ. այս հաջողությունը մեզ ևս ուրախացնում է՝ որպես Հայաստանի բարեկամ ու հարևան պետություն»,- ասաց նա:
Վրաստանի վարչապետը նշեց, որ հայ գործընկերոջ հետ քննարկել են այնպիսի կարևոր ուղղություններ, ինչպիսիք են՝ էներգետիկան, տրանսպորտը, զբոսաշրջությունը, մշակութային հարաբերությունները, արվեստը, կրթությունը և, իհարկե, ինչպես նշվեց՝ աշակերտների ու ուսանողների փոխանակման ծրագրերին աջակցությունը: Նա նշել է, որ պատրաստ են Վրաստանի կողմից առավելագույնս օժանդակել երիտասարդների միջև նոր հարաբերություններին և այս ուղղությամբ իսկապես ունենք շատ անելիքներ: Կարևորել է նաև նորագույն նվաճումների, փորձի փոխանակումը:
«Իմ գործընկերոջ կողմից ընդգծվեց տարածաշրջանային նշանակության համագործակցությունը: Մենք պատրաստ ենք, որպեսզի բազմակողմանի նախագծերում Վրաստանի հետ Հայաստանն էլ ավելի ակտիվ մասնակցի և մենք համարում ենք, որ այս առումով կարող ենք երկկողմ օգուտ ստանալ՝ ելնելով ազատ առևտրային գոտու և պայմանագրերի ցանցից, որոնք ունեն Վրաստանն ու Հայաստանը: Հայաստանի հնարավորությունները ևս Վրաստանի կողմից կօգտագործվեն:
Մենք ողջունում ենք նաև Հայաստանի և Եվրամիության միջև համակողմանի և ընդլայնված պայմանագրի ստորագրման փաստը: Երկուստեք համաձայնության եկանք, որ անհրաժեշտ է բարձր մակարդակի այցերն էլ ավելի ակտիվացնել և երկու երկրների ոլորտային գերատեսչությունների համագործակցությանն աջակցել: Մենք համաձայնեցինք նաև, որ մոտ ապագայում տեխնիկական խմբերի հանդիպումներ կայանան, որպեսզի երկկողմ համագործակցության հանձնաժողովի հանդիպումը կազմակերպվի, և մենք հուսով ենք, որ 2018-ին նման հանդիպում անպայման կանցկացվի»,- ասաց նա:
Կվիրիկաշվիլին նաև ողջունեց իշխանական բարեփոխումները, որ իրականացվում են Հայաստանում և ողջունեց հաջող ընտրությունները և Արմեն Սարգսյանին, որը նույնպես Վրաստանի բարեկամն է: