Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքային խնդիրն է եղել և մնում ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորումը: Այս մասին ասված է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի՝ դիվանագետի օրվա կապակցությամբ հրապարակված հոդվածում:
Նա նշել է, որ Հայաստանը շարունակաբար աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափին և կարողացել է չեզոքացնել այն ձևափոխելու, բանակցային գործընթացն այլ հարթակներ տեղափոխելու Բաքվի փորձերը։ Ըստ Նալբանդյանի՝ հակամարտության հանգուցալուծման գործընթացում վերջին տարիներին տեղի են ունեցել կոնցեպտուալ փոփոխություններ: Իրականացված հետևողական աշխատանքի շնորհիվ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում հայկական դիրքերը շեշտակիորեն ամրապնդվել են: Հիմնախնդրի կարգավորման գործընթացի առանցքում ընդունված փաստաթղթերի շարքում առանձնանում են 2009թ.-ից սկսած համանախագահ երկրների ղեկավարների մակարդակով լ՛Աքվիլլայում, Մուսկոկայում, Դովիլում, Լոս Կաբոսում, Էնիսկիլենում ընդունված հայտարարությունները, որտեղ ամրագրվեցին հիմնախնդրի կարգավորման միասնական և անբաժանելի հիմք հանդիսացող սկզբունքներն ու տարրերը։ Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի, պատրաստակամություն հայտնեց դրանց հիման վրա շարունակելու բանակցությունները՝ ուղղված հիմնախնդրի հանգուցալուծմանը։
«Եթե Ադրեբջանը տարիներ շարունակ պնդում է, որ ղարաբաղյան հիմնահարցը պետք է կարգավորվի միայն տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա, ապա համանախագահ երկրների ղեկավարների այդ հայտարարություններով ամրագրվում է, որ հակամարտությունը լուծվելու է հիմնվելով միջազգային իրավունքի ոչ թե մեկ, այլ երեք սկզբունքների վրա` ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն և ժողովուրդների իրավահավասարություն ու ինքնորոշում։ Եռանախագահող երկրները հստակ նշեցին, որ Արցախի կարգավիճակը պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, իր իրավական միջազգային պարտադիր ուժ ունեցող կամարտահայտության միջոցով։ Անգամ Ադրբեջանի ղեկավարն է խոստովանում, որ փակ դռների հետևում իր վրա ճնշում են գործադրում ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը։ Եռանախագահող երկրների հայտարարություններում հրապարակայնորեն ամրագրվեցին նաև թե՛ Արցախի ու Հայաստանի միջև ցամաքային կապը, թե՛ անվտանգության բամզաշերտ երաշխիքները։ Վերոհիշյալ այս բոլոր դրույթներն ի սկզբանե հանդիսացել են մեր դիրքորոշման անկյունաքարը, իսկ այժմ դարձել են միջազգային հանրության մոտեցում։ Սա ցույց է տալիս, թե որքան համահունչ են մեր և միջազգային հանրության տեսակետները, որ մենք խոսում ենք գրեթե մեկ լեզվով»,- նշել է ԱԳ նախարարը։
Նալբանդյանը նաև նշել է, որ հայկական դիվանագիտական աշխատանքի շնորհիվ ամրագրվեց և 2016թ. ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին վերահաստատվեց, որ հիմնահարցի բանակցային կարգավորումն այլընտրանք չունի։ 1994-95թթ. եռանկողմ անժամկետ զինադադարի համաձայնագրերից հետ կանգնելու Արդբեջանի փորձերին ի պատասխան Հայաստանը և եռանախագահ երկրները շարունակաբար շեշտում են, որ դրանք պետք է անշեղորեն իրականացվեն։
«Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը հանդիսանում են մեր արտաքին քաղաքական առաջնահերթությունների բաղկացուցիչ մաս: Տարեցտարի մեծանում է Հայոց Ցեղասպանությունը ճանաչած պետությունների, միջազգային կառույցների թիվը: Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներն առանձահատուկ միջազգային հնչեղություն ունեցան։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորելուն միտված մեր նախաձեռնությունը շեշտակիորեն ավելացրեց Մեծ Եղեռնի մասին միջազգային հանրության տեղեկացվածությունը։ Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ միաձայն բանաձևեր ընդունվեցին, մեր ջանքերի շնորհիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը հռչակեց Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օր»,- շեշտել է նա։
Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, ապա Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ հայ-ռուսական դաշնակցային ռազմավարական հարաբերությունները նոր թափ ստացան, նշանավորվեցին Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների պետական այցերով։ Ստորագրվեց 200-ից ավել երկկողմ փաստաթուղթ, ռուսաստանյան ներդրումները մեր երկրում գերազանցեցին 3 մլրդ դոլարը, ռուսական կապիտալով ընկերությունների թիվն անցավ 2000-ը: Պայմանագրային ամրագրում ստացավ Հայաստանում ՌԴ ռազմաբազայի՝ ՀՀ Զինված ուժերի հետ համատեղ, Հայաստանի անվտանգությունն ապահովելու գործառույթը:
Որակապես նոր մակարդակի վրա բարձրացավ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ բարեկամական գործընկերությունը՝ ստորագրվեց Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը, շեշտակիորեն աճեցին ամերիկյան ներդրումները, ՀՀ քաղաքացիների համար դյուրացվեց ԱՄՆ մուտքի արտոնագրային ռեժիմը։ Հետևողականորեն ամրապնդվեցին մեր ավանդական բարիդրացիական ու բազմաբովանդակ հարաբերությունները Վրաստանի և Իրանի հետ:
Ու թեև հայ-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորման Հայաստանի նախաձեռնությունը ստացավ միջազգային հանրության անվերապահ աջակցությունը։ Հայաստանը կարողացավ առաջ տանել այս գործընթացը` հավատարիմ լինելով ձեռք բերված համաձայնություններին, ի տարբերություն Թուրքիայի, որն իր մեջ ուժ չգտավ ձերբազատվելու իր կարծրատիպերից՝ խախտելով միջազգային հարաբերությունների անկյունաքարային՝ pacta sunt servanda` համաձայնությունները պետք է հարգվեն սկզբունքը:
«Անկախությունից ի վեր Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից եղել և շարունակում է մնալ միջազգային կառույցներում և տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներում ներգրավվածության խորացումը։ Մենք անդամակցեցինք Եվրասիական տնտեսական միությանը, ինչը բխում է մեր ռազմավարական, տնտեսական շահերից և լուրջ հեռանկարներ է բացում մեր երկրի զարգացման համար: Հանդիսանալով ԵԱՏՄ ակտիվ անդամ, Հայաստանն իր իրատեսական քայլերով ապացուցեց, որ կարող է նաև արդյունավետ համագործակցություն ծավալել ինտեգրացիոն այլ գործընթացների շրջանակներում և այս առումով Հայաստանի փորձն այսօր օրինակելի է համարվում միջազգային հանրության կողմից»,- գրել է ԱԳ նախարարը:
Նալբանդյանը նաև նշել է, որ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 175 պետության հետ, արտերկրում ու միջազգային կառույցներում ունի շուրջ յոթ տասնյակ ներկայացուցչություններ, ստորագրել է մոտ 2000 միջազգային պայմանագիր: Նախագահի և այլ բարձր մակարդակով կատարվել են հազարից ավել փոխայցելություններ: