25.11.2024
Ադրբեջանի ընդդիմադիրներն ընտրություններից առաջ համազգային հանրահավաքներ կկազմակերպեն
prev Նախորդ նորություն

Ի՞նչ որակներ պետք է ունենա Հայաստանի նոր վարչապետը. ՀՀԿ-ն բացում է փակագծերը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 2018թ. ապրիլից հետո նոր կառավարության ձևավորման հարցը դեռևս չի քննարկել: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:


«Երբ քննարկենք, ավարտենք, թաքուն չենք պահելու, ժողովրդին ներկայացնելու ենք: Իսկ թե ինչ որոշում ենք կայացնելու, կայացնելու ենք այնպիսի որոշում, որը բխելու է մեր պետության, մեր ազգի, անվտանգության շահերից: Սա է յուրաքանչյուր ժողովրդավարական երկրի համար բանաձևը»,- նշեց Շարմազանովը, գրում է «Արմենպրես»-ը:


Նա հավելեց, որ պետք է ընտրեն այնպիսի կառավարություն և վարչապետ, որը լավագույնը կդիմակայի մարտահրավերներին, լավագույնս կներկայացնի Հայաստանի Հանրապետությունը ղարաբաղյան բանակցությունների ժամանակ, Ռուսաստանի Դաշնության, Իրանի, Միացյալ Նահանգների, եվրոպական կառույցների, Չինաստանի և մեր այլ միջազգային գործընկերների հետ հարաբերություններում և ամենակարևորը՝ կսպասարկի Հայաստանի Հանրապետության շահը:


«Ինչպես պահանջի Հայաստանի Հանրապետության քաղաքացին և մեր երկրի ազգային ու պետական շահը, այնպես էլ Հանրապետական կուսակցությունը կվարվի»,- նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:


Շարմազանովը հիշեցրեց, որ 2017թ. ապրիլի 2-ին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքում Սերժ Սարգսյանի գլխավորած քաղաքական ուժը հասել է հաջողության: «Մեր քաղաքացիները մինչև 2022թ., Հանրապետական կուսակցությանն են տվել մանդատ՝ ձևավորելու կառավարություն»,- մանրամասնեց նա:


Միեւնույն ժամանակ շատ քաղաքական գործիչների ու վերլուծաբանների մոտ գրեթե կասկած չկա, որ այս տարվա ապրլիլից հետո, երբ ավարտվի գործող նախագահի լիազորությունների ժամկետը եւ պետական կառավարման համակարգը վերջնականապես անցնի կառավարման խորհրդարանական մոդելին, վարչապետի պաշտոնը զբաղեցնելու է Սերժ Սարգսյանը


Շատերի մոտ այս համոզմունքն ամրապնդվեցին երկու հիմնական գործոններ: Առաջին, կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյուքնում առաջին փոխվարչապետի պաշտոնի հիմնումն էր, որը նրանց կարծիքով ստեղծվել է հենց գործող վարչապետ Կարեն Կարապետյանի համար: Երկրորդ, ուժային կառույցների նկատմամբ անմիջապես վարչապետի վերահսկողության սահմանումը: Ոստիկանությունը, ԱԱԾ-ն եւ եւս եւկու ուժային կառույցներ ենթարկվելու են ուղիղ վարչապետին: 


Հիշեցնենք, որ 2014թ․ապրիլին, երբ Սերժ Սարգսյանը նոր էր նախաձեռնում սահմանադրական փոփոխությունների գործընթացը, հայտարարել էր․ 


«Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար․․․ Եթե [նոր սահմանադրության – խմբ․] վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին։ Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»,- ասել էր Սերժ Սարգսյանը:


Սերժ Սարգսյանը և նրան սատարող ուժերի տարբեր ներկայացուցիչներ այսօր արդեն չեն բացառում, որ 2017 թվականի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների արդյունքներից կախված՝ կարող է առաջադրվել վարչապետի պաշտոնում։ «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության՝ Հայաստանի մասին պատրաստած ֆիլմում, լրագրողի հարցին՝ «Դիտարկո՞ւմ եք առաջադրվել վարչապետի պաշտոնում նոր Սահմանադրությամբ», Սարգսյանը պատասխանել է․


«Ես շատ վաղ եմ համարում այդ խոսակցությունները վարելը։ Դա նույնն է, որ մենք, դեռևս ձուկը ջրում սկսենք խոսել նրա օգտագործման մասին։ Ասելս ինչ է, որ մենք հաջորդ տարի ունենալու ենք խորհրդարանական ընտրություններ: Եվ որպեսզի ես այդպիսի տարբերակ դիտարկեմ, առնվազն մեր կուսակցությունը պետք է ընտրություններում շատ լավ քվե ստանա»։