24.11.2024
Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
prev Նախորդ նորություն

Ադրբեջանի ընդդիմադիրներն ընտրություններից առաջ համազգային հանրահավաքներ կկազմակերպեն

Ադրբեջանի ընդդիմադիր «Ազգային խորհուրդը» ապրիլի 11-ին կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին ընդառաջ փորձում է միավորել երկրում որոշակի կենսունակություն ցուցաբերող ընդդիմադիր ուժերին և համազգային հանրահավաքներ կազմակերպել: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ընդդիմադիր ուժերից կազմված Ազգային խորհուրդը դիմել է «Մուսավաթ» կուսակցությանը և ընդդիմադիր «Հանրապետական այլընտրանքային շարժմանը» (REAL) և կոչ արել միանալ նախաձեռնությանը:

«Գիտեք, որ Ադրբեջանի ընդդիմադիր ուժերից կազմված «Ազգային խորհուրդը» բոյկոտել է արտահերթ նախագահական ընտրությունները: Բոյկոտի պատճառը եղել է երկրում ընտրական միջավայրի բացակայությունը, մամուլի ազատության սահմանափակումները, քաղաքական ճնշումների և մոտ 160 քաղբանտարկյալների առկայությունը: Իլհամ Ալիևի կողմից առանց հիմնավոր պատճառների արտահերթ ընտրությունների հայտարարումն ու նախընտրական շրջանում անհրաժեշտ 6 ամիսների բացակայությունը նույնպես ազդել է որոշման վրա: «Ազգային խորհուրդը» հրաժարվել է մասնակցել այս ընտրական խաղին և հայտարարել, որ չի ճանաչելու կեղծ և անօրինական ընտրությունների արդյունքները: Մենք երկրի սահմանադրությանը համապատասխան ամեն քայլ ձեռնարկելու ենք՝ պայքարելու ընտրախախտումների և խարդախությունների դեմ»,- իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել «Ազգային խորհրդի» նախագահ Ջամիլ Հասանլին:

Ջամիլ Հասանլին ընդգծել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների վերաբերյալ նման մոտեցում ունեն նաև երկրի ընդդիմադիր ճամբարում առանցքային դեր ունեցող «Մուսավաթ» կուսակցությունն ու «Հանրապետական այլընտրանքային շարժումը» (REAL) ընդդիմադիր շարժումը:

«Հատկանշական է, որ «Մուսավաթ» կուսակցությունը, REAL շարժումն ու որոշ հասարակական-քաղաքական կազմակերպություններ ևս որոշ ժամանակ անց որոշել են բոյկոտել ընտրությունները և չճանաչել դրանց արդյունքները: «Ազգային խորհուրդը» բարձր է գնահատում ընդդիմության ճամբարում այս կարևոր քաղաքական հարցի շուրջ ձևավորված նման մոտեցումը»,- հավելել է Ջամիլ հասանլին:

Ջամիլ Հասանլին նշել է, որ «Ազգային խորհրդի» համակարգող կենտրոնը որոշել է մարտ ամսից սկսած ընտրախախտումների և անօրինական ընտրությունների դեմ ուղղված զանգվածային բողոքի ցույցեր կազմակերպել և «Մուսավաթ» կուսակցությանն ու «Հանրապետական այլընտրանքային շարժմանը» (REAL) կոչ է անում միանալ այդ գործընթացներին: