Ադրբեջանի հետաքրքրությունը ՎՈւԱՄ–ի նկատմամբ նվազել է
Քիշնևում այսօր տեղի կունենա «Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա. Արևելյան գործընկերությունը և անվտանգության ընթացիկ մարտահրավերները» միջխորհրդարանական համաժողով: Չնայած նրան, որ երեք երկրներին Ադրբեջանի հետ միասին միավորում է ՎՈՒԱՄ կազմակերպությունը, համաժողովը ՎՈՒԱՄ-ի շրջանակում չի անցկացվի, իսկ Ադրբեջանի ներկայացուցիչները համաժողովին չեն հրավիրվել, գրում է «Կոմերսանտ»-ը:
Եթե համաժողովը պարբերական բնույթ ստանա, հնարավոր կլինի խոսել երկրների համագործակցության նոր ձևաչափի մասին, որոնցից յուրաքանչյուրը մեղադրում է Մոսկվային իր տարածքային ինքնիշխանությունը խախտելու համար, գրում է պարբերականը:
Չնայած բոլոր երեք երկրները մտնում են ՎՈւԱՄ-ի կազմի մեջ, համաժողովը չի անցկացվի դրա շրջանակում: Մոլդովայի խորհրդարանի հաղորդակցությունների հարցերով բաժնի ղեկավար Յուլիանա Բորդեյանուի խոսքով՝ Բաքվի ներկայացուցիչները համաժողովին չեն հրավիրվել, այդ փաստը լրատվամիջոցին հաստատել է նաև Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը:
Լրատվամիջոցը նշում է, որ ՎՈւԱՄ-ը, որը միավորում է Վրաստանին, Ուկրաինային, Մոլդովային և Ադրբեջանին, հեռացել է քաղաքական օրակարգից և փաստացիորեն կորցրել է իր ակտիվությունը:
«ՎՈւԱՄ-ի շրջանակում մենք զբաղվում ենք տնտեսության և տրանսպորտի ոլորտում փոխգործակցությամբ»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակը:
«ՎՈՒԱՄ-ի նկատմամբ Ադրբեջանի հետաքրքրությունը նվազել է, որովհետև գործընկեր երկրներից ոչ մեկը չի դատապարտել Երևանին Լեռնային Ղարաբաղում գործողությունների համար»,- ասել է լրատվամիջոցին «Հարավային Կովկաս» քաղաքագետների ակումբի ղեկավար Իլգար Վելիզադեն: