Տնտեսագետները Թրամփի ծրագիրն անվանել են «կարճատես» եւ «աղետալի». Bloomberg
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ալյումինի եւ պողպատի՝ ԱՄՆ ներկրման համար համապատասխանաբար 10 եւ 24 տոկոսի չափով մաքսատուրքերի սահմանման պլանը, որն ուղղված է ազգային անվտանգության պաշտպանությանը եւ Չինաստանի վրա ճնշման մեծացմանը, խիստ քննադատության է արժանացել նախագահի վարչակազմի, ազդեցիկ տնտեսագետների եւ արտադրողների կողմից:
Նրանք Թրամփի ծրագիրը «կարճատես» եւ «աղետալի» են անվանում, գրում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը:
«Այս ամենը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի գների բարձրացմանը, տնտեսական աճի կրճատմանը, աշխատատեղերի կրճատման վտանգին, հարկային բեռի ավելացմանը, պատասխան քայլերի հրահրմանը եւ գլոբալ առեւտրային համակարգի ապակայունացմանը»,- նշում է գործակալությունը՝ ընդգծելով, որ եթե միջոցառումներն իրականացվեն, դրանք ավելի շատ վնաս կհասցնեն ամերիկյան տնտեսությանը, քան՝ կօգնեն:
Մաքսատուրքերի սահմանման գաղափարի քննադատությունը «հազվագյուտ կոնսենսուս է առաջացրել Վաշինգտոնում», հաղորդում է Bloomberg-ը: Մասնավորապես, Պենտագոնն իր հերթին հայտարարել է, որ ներկրման մասով ազգային անվտանգության համար սպառնալիք չի տեսնում, քանի որ զինվորականների կողմից պողպատի եւ ալյումինի պահանջարկը չափազանց փոքր է: Այնուամենայնիվ, պլանի իրականացումը, ըստ ԱՄՆ պաշտպանության նախարարության, կարող է բացասաբար անդրադառնալ ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցների վրա:
Ընդ որում, Չինաստանը, նշում է Bloomberg-ը, շատ չի տուժի սպասվող մաքսատուրքերից, քանի որ արդեն իսկ գործ ունի երկաթի արտադրանքի համար երկու տասնյակից ավելի հակադեմպինգային եւ փոխհատուցման մաքսատուրքերի հետ, որոնց ֆոնին ԱՄՆ-ին մատակարարում է այդ երկիր ներմուծման ընդհանուր ծավալի միայն 3 տոկոսը: Այդպիսով, «նոր մաքսատուրքերի միակ գործնական ազդեցությունը հնարավոր արձագանքն է արտահանողների կողմից»:
Ինչպես գրում է Bloomberg-ը, նույնիսկ Սպիտակ տան՝ փետրվարին հրապարակված տնտեսական հաշվետվության մեջ, «որն ԱՄՆ նախագահը անկասկած մանրամասն ուսումնասիրել է», նշվում է, որ նման քայլերը կարող են «խեղաթյուրել կապիտալի ազատ բաշխումը»: