Ազգային Ժողովում ընթանում է Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի ընտրության քննարկումը: Վերջինս, հիշեցնենք, այդ պաշտոնի համար միակ թեկնածուն է, ում առաջադրել են ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունները համատեղ, իսկ «Ծառուկյան» խմբակցությունը որոշում է կայացրել քվեարկել նրա օգտին:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ներկայացնելով Արմեն Սարգսյանին ասաց, որ իրենց թեկնածուն այն մարդն է, ով անցած ճանապարհ, ճանաչում ունի թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում, և կարող է պատշաճ ու արժանվույն ներկայացնել Հայաստանը արտերկրում: Բաղդասարյանի խոսքով՝ նա նաև անկողմանակալ մարդ է, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցական չի եղել: (հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը 90-ականներին զբաղեցրել է ՀՀ վարչապետի պաշտոնը - խմբ.)
Սակայն «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀԿ և ՀՅԴ թեկնածուն խախտում է Սահմանադրության պահանջները, որոնք ամրագրված են ՀՀ նախագահի թեկնածուին և վերաբերում են, մասնավորապես, նրա քաղաքացիությանը: Փաշինյանը, հղում անելով մամուլին նշեց, որ Արմեն Սարգսյանը մինչեւ 2014 թվականը եղել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի:
«Արմեն Սարգսյանը բանավոր պարզաբանումներ տվել է, բայց արդյոք մենք ձեռքի տակ ունենք պաշտոնական փաստաթուղթ, թե ե՞րբ է պարոն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվել, երբ է դրա մասին դիմում գրվել ու այն Բրիտանիայում ուժի մեջ է մտել։ Այս պահին մեր ձեռքի տակ չկա փաստաթուղթ, որ Արմեն Սարգսյանը ՀՀ քաղաքացի է եղել և վերջին 6 տարում մշտապես բնակվել է ՀՀ-ում: Բանավոր հայտարարությունների ընթացակարգո՞վ ենք աշխատում: Մեզ տրվել է միայն կենսագրությունը, քաղաքացիության վերաբերյալ փաստաթուղթ քարտուղարությունը չի տրամադրել և ես խնդրում եմ անհապաղ բերել այդ փաստաթղթերը, որ մենք ծանոթանանք»,- ասաց Փաշինյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավարն արձագանքեց, որ այն ամենը, ինչի մասին բանավոր հայտարարել է Արմեն Սարգսյանը հիմնավորված է փաստաթղթերով: Ըստ նրա, օրենքով անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ստացվել են ու կներկայացվեն, իսկ եթե դրանից հետո էլ մնան հարցեր, ապա ճիշտ է դրանց պատասխանները ստանալ պատկան մարմիններից:
Իր ելույթը Արմեն Սարգսյանը Մարտի 1-ի զոհերի հիշատակին տուրք մատուցելով. «Ուղիղ 10 տարի առաջ մեր ժողովուրդը ծանր մարտահրավերի բախվեց, որի ընթացքում ծանր կորուստներ ունեցանք։ Գիտեմ, որ ԱԺ-ն մարտի 1-ի զոհերի հիշատակն այսօր հոտնկայս հարգել է։ Ես ևս ուզում եմ իմ հարգանքի տուրքը մատուցել այս իրադարձության զոհերի հիշատակին», - ասաց նա:
Այնուհետ հիշատակեց 1988 թվականի ազգային-ազատագրական շարժումը, որը, նրա խոսքով, մի յուրօրինակ պատմական երեւույթ էր, որի կրկնությունը որեւէ մեկը չէր տեսել ու չէր լսել: Նշեց, որ անկախության 26 տարիները հեշտ չեն եղել, հեշտ չի եղել անհրաժեշտ մարդկային տնտեսական ու ֆինանսական ռեսուրսները կենտրոնացնել զուտ պաշտպանական խնդիրների վրա: Նախագահի թեկնածուն ընդգծեց, որ Հայաստանն ունի այսօր բանակ, որն իր տեսակով չի զիջում շատ եվրոպական բանակների, բայց այդ երկրներում բյուջեն բազմամիլիարդ է:
«Սակայն մենք արժանապատվությամբ կրում ենք այդ բեռը: Անկախության այս 26 տարիները հաղթանակների ու անհաջողությունների տարիներ են, բայց դա Արցախի պատերազմում մեծ հաղթանակի տարիներ են, որը մեզ վերադարձրեց մեր ազգային արժանապատվությունը: Տարիներ հետո մենք կրկին անգամ զգացինք հաղթանակի քաղցր համը: 26 տարի առաջ Հայաստանը շատ ավելի փոքր էր իր տնտեսական հզորությամբ, բայց հասարակությունը շատ ավելի քիչ էր բեւեռացված, իսկ այսօր մեր պետությունն ավելի հզոր է, ավելի հարուստ է, բայց ավելի բեւեռացված, եւ հաջողությունների կողքին ունենք աղքատություն, սոցիալական անվասարություն»,- ընդգծեց նախագահի թեկնածուն: Ըստ այդմ, նա նկատեց, որ մարդ չի կարող իրեն երջանիկ զգալ աղքատության պայմաններում.
« Ստեղծված իրավիճակի արմատական փոփոխությունը բոլորիս պարտքն է», - շեշտեց նա:
Արմեն Սարգսյանը խոստացավ, որ իր գործունեության ընթացքում կլինի անհանդուրժող արատավոր երևույթների հանդեպ և կպայքարի անընդունելի երևույթների դեմ։ Դրանց շարքում նա հատկապես շեշտադրեց կոռուպցիայի դեմ պայքարը՝ նշելով, որ կոռուպցիան խաթարում է օրինական և բնական հարաբերությունների ողջ շղթան, մարդու իրավունքը դարձնում առք ու վաճառքի առարկա: Ապագա նախագահը կարևորում է նաև քաղաքացիական հասարակության դերը ՀՀ ժողովրդավարության գործում, քանի որ, նրա խոսքով, քաղաքացին, ոչ միայն ընտրությունների կամ սոցիալական սուր հարցեր բարձրացնելիս պետք է արթնանա, այլ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում դրսևորի ամենօրյա կյանքում՝ անարդարության դեմ անհանդուրժողականությամբ:
Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ՀՀԿ-ին և ՀՅԴ-ին՝ իրեն առաջադրելու, «Ծառուկյան» խմբակցությանն ու Գագիկ Ծառուկյանին՝ իր թեկնածությանն աջակցելու, իսկ «Ելքի»-ին՝ կոնստրուկտիվ ու պրոֆեսիանալ քննարկումնների համար. «Սա ինձ համար ոչ միայն մեծ պատիվ է, այլև՝ մեծագույն պարտավորություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր երկիրը թևակոխում է զարգացման փուլ՝ անցում կատարելով խորհրդարանական համակարգի», - նշեց նա։
Նշենք, որ նախագահի ընտրության քվեարկությունը տեղի կունենա վաղը: