«Ես ընտրված նախագահ չեմ, որպեսզի Սերժ Սարգսյանի հետ քննարկեմ ապագա նախագահի լիազորությունները», - «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդմանը տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանի հանրապետական կուսակցության Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե գործող նախագահի հետ քննարկե՞լ է ապագա վարչապետի և ապագա նախագահի լիազորությունները։
- Դուք վարչապետի հետ քննարկել ե՞ք ապագա նախագահի լիազորությունների հարցը՝ որտե՞ղ է սկսվում և ավարտվում նրա լիազորությունները, որտե՞ղ՝ նախագահի լիազորությունները։
- Ես չեմ հասկանում Ձեր հարցը, չեմ հասկանում, թե ո՞ւմ հետ պետք է խոսեմ, որովհետև նախ՝ ես ընտրված նախագահ չեմ՝ մեկ, երկրորդը՝ պարզ չէ, թե ով է հանրապետության հաջորդ վարչապետը։
- Դուք գործող նախագահի հետ քննարկե՞լ եք ապագա վարչապետի և ապագա նախագահի լիազորությունները։
- Ինձ համար պարզ չէ, ես ընտրված նախագահ չեմ, որպեսզի քննարկեմ, երկրորդը՝ պարզ չէ, թե ով է լինելու հաջորդ վարչապետը, երրորդը՝ հանրապետության նախագահի հետ ընդհանրապես մենք իհարկե քննարկել ենք Սահմանադրությունը, օրենքները, բայց այսօր հանրապետությունում՝ Ազգային ժողովում, կառավարությունում տեղի է ունենում շատ ինտենսիվ աշխատանք, մեծ քանակությամբ օրենքներ են ընդունվում, և քանի այդ օրենքներն ընդունված չեն, քանի Ազգային ժողովը չի ընտրել վարչապետին և կառավարությանն, աբստրակտ քննարկումը՝ հիմնված լինելով եթեների վրա, կարելի է անվանել որպես ակադեմիական։ Բայց այս պահին դեռևս օրենքների ողջ փաթեթը չկա՝ չկան այն բոլոր օրենքները, որոնք կարգավորելու են բացի Սահմանադրությունից առանձին նախարարությունների, առանձին վարչությունների, պետական կառույցների, հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, Ազգային ժողովի նախագահի․․․ բոլոր օրենքները դեռ տեղում չեն, այսինքն՝ քննարկել մի բան, որը դեռևս ամբողջական չէ, կարող է քննարկվել որպես ակադեմիական։
- Իսկ ի՞նչ եք կարծում, ո՞վ կառաջադրվի վարչապետ, որևէ տեղեկություն ունե՞ք, կամ ինքներդ Ձեր թեկնածուին ունե՞ք։
- Որպես անհատ, չունեմ թեկնածու, որպես տրամաբանող մարդ, կարող եմ տրամաբանել, թե ովքեր են լավագույն թեկնածուները, սակայն զբաղվելով սպեկուլյացիայով՝ եթեներով․․․ եթեները շատ ծանր արժեք ունեն, եթեները մաթեմատիկայում կոչվում են ռեկուրսիվ ֆունկցիաներ, որոնք ունեն մի նպատակ՝ համակարգն ավելի բարդացնելու, և եթե շատ եթեներ ունեք, շատ դժվար է ճշգրիտ լուծումներ գտնել։ Այնպես որ, ես չեմ պատրաստվում զբաղվել եթեներով, մանավանդ ես ինքս դեռևս նախագահ չեմ, ուրեմն՝ եթե նախագահ դառնամ, կսկսեմ ավելի լուրջ Ձեր հարցի մասին մտածել։
Արմեն Սարգսյանը նաև անդրադարձել է նոր Սահմանադրությամբ ամրագրված Բարձրագույն դատական խորհուրդին, որն անմիջականորեն չի ենթարկվում կառավարությանը, ԱԺ-ին և նախագահին: Ի պատասխան հարցին, թե ինչպես է գնահատում ՀՀ-ում դատական մարմինների անկախությունը, նա նշել է.
«Սա արդեն դրական երևույթ է, որովհետև ինչ-որ չափով բացառում է «վերևի մարդու» սինդրոմը: Նախագահ դառնալու դեպքում կփորձեմ կատարելագործել դատական համակարգը՝ արձագանքելով խնդիրների դեպքում: Եթե ես լինեմ նախագահը, եթե սկզբունքային տարբերություններ ունենամ, մի՛ կասկածեք, որ կիրացնեմ սեփական կարծիքն արտահայտելու իրավունքը, որ նախագահն ունի՝ լինի չստորագրելով կամ խոսելով, որովհետև դա է այն ճանապարհը, որով կկարողանանք համակարգը մաքրել, բյուրեղացնել»,-ասել էնա:
Գործարարության համար, ըստ նրա, անկախ դատարանը հարստություն է: Արմեն Սարգսյանը նշել է, որ աշխարհում կորպորատիվ պայմանագրերի մեծ մասը ստորագրվում է, այսպես կոչված, անգլիական օրենքով. պատճառն այն է, որ այդ դատարանի նկատմամբ վստահություն կա, որովհետև այդ դատարանում կկարողանաս դատի տալ աշխարհի ամենահարուստ մարդուն և հաղթել, քանի որ ինքը չի կասկածում այդ դատարանի անաչառությունը.
«Հայաստանի համար դա բացարձակ անհրաժեշտություն է»,- շեշտել է ՀՀ նախագահի թեկնածուն:
Ըստ նրա՝ անկախ դատական համակարգը կարևոր է գործարար կյանքի համար, քանի որ գործարարը պետք է վստահ լինի, որ ինչին հասել է այսօր, կկարողանա վաղը հանձնել իր սերունդներին։ Նաև դրսից ներդրողների համար է կարևոր: Իսկ թե ինչու ՀՀ-ում ներդրումներ չկան, Արմեն Սարգսյանը չհամաձայնեց. «Կան, և փոքր Հայաստանում այդ ներդրումները տեսանելի են, կան և՛ ներդրումներ, և՛ լավ նախաձեռնություններ: Պետք չէ միայն դատարաններին մեղադրել: «Ամենամեծ գործոնը շուկայի փոքրությունն է, և կամաց-կամաց այն ավելի է փոքրանում, քանի որ արտահոսք կա: Եթե ՀՀ-ի բնակչությունը տասը կամ քսան անգամ ավելին լիներ, կգային, կհարմարվեին նույնիսկ ոչ լիարժեք անկախ դատական համակարգի դեպքում։ Հետևաբար դատական համակարգին քավության նոխազ դարձնելը ճիշտ չէ»,-ասել է Սարգսյանը:
Հավելելով իր խոսքը, նախագահի թեկնածուն նշել է, որ Հայաստանը հայտնվել է յուրօրինակ վիճակում։ «Միակ երկիրն է, որ տարածաշրջանում կապում է Եվրամիությունը Եվրասիական տարածքի հետ։ Սա հսկայական հնարավորություն է ներդրողին ասել՝ սիրելի՛ բարեկամ, խնդրում եմ, արի Հայաստան։ Եվ եթե մենք կարողանաք լավ աշխատող դատական համակարգ, ներդրումների համար պայմաններ և, իհարկե, ծրագրեր առաջարկել, ֆինանսաբանկային համակարգը լավ գործի, ապա ներդրումները կգան, իսկ ռեսուրս ասելով՝ նկատի ունեմ մարդկային ռեսուրսը: Եթե ճիշտ ներկայացնենք, ապա ներդրողները կգան»: