Հայաստանը մտադիր է երկու նոր ազատ տնտեսական գոտի ստեղծել. փոխնախարար
Հայաստանը մտադիր է երկու նոր ազատ տնտեսական գոտի ստեղծել: Այս մասին Ազգային Ժողովում հայտարարել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը:
Նրա խոսքով, դրանք կգործեն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեխնոլոգիաներն ու լոգիստիկան: Սակայն փոխնախարարը ձեռնպահ է մնացել մանրամասներից:
Ազիզյանը հիշեցրել է, որ այսօր Հայաստանում գործում է երկու ԱՏԳ՝ Ալյանսը (բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում) և Մերիդիանը՝ ոսկերչության ոլորտում: Ըստ նրա, այս երկու գոտիներում 2017 թվականին արձանագրվել է ընկերությունների մասնակցության 30% աճ և շրջանառության 32% աճ:
«Այսօր նրանց գործունեության մեջ որոշակի սահմանափակումներ կան, պայմանավորված համաշխարհային տնտեսության վիճակով և ցածր պահանջարկով, բայց մենք ակնկալում ենք ակտիվացում միջազգային տնտեսական կոնյունկտուրայի փոփոխության շնորհիվ»,- ասել է նա:
Կառավարությունը, հիշեցրել է փոխնախարարը, հիմնական շեշտը դնում է զարգացման վրա և առաջիկայում ամբողջ թափով կսկսի գործել Իրանի հետ սահմանակից Մեղրիի ազատ տնտեսական գոտին: