Հայաստանը պետք է շարունակի զարգացնել իր ռազմավարա-դաշնակցային հարաբերությունները ՌԴ հետ
Արագ փոփոխվող աշխարհում կայուն մնալու համար անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել անվտանգության համակարգի արդիականացմանը և կարողանալ ադեկվատ դիմակայել բոլոր մարտահրավերներին: Մեր տարածաշրջանում արտաքին մարտահրավերներին դիմայակումն ու անվտանգության ամրապնդումը շարունակում է մնալ ամենաարդիականներից մեկը: Հաշվի առնելով այդ ամենը` անվտանգության խորհրդի նիստում քննարկվեց ՀՀ Զինված ուժերի 7-ամյա արդիականացման ծրագիրը, որի կյանքի կոչմամբ մենք կունենանք ավելի ուժեղ և տեխնիկապես սպառազինված բանակ: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Այդ նպատակին հասնելու համար Հայաստանը պետք է շարունակի զարգացնել իր ռազմական ու ռազմավարական դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչպես նայել մեծացնել իր դերակատարումը ՀԱՊԿ-ում: Կարծում եմ` տեսանելի ապագայում Հայաստանի անդամակցումը ՀԱՊԿ-ին այլընտրանք չունի և բխում է մեր պետության և ժողովրդի շահերից»,- ընդգծել է նա:
Անդրադառնալով Արցախյան հիմնահարցին, ԱԺ փոխնախագահը հիշեցրել է, որ Արցախի ժողովրդի ազատության և ինքնորոշման խաղաղ պայքարին Ադրբեջանը հակադարձեց Սումգայիթի և Բաքվի ջարդերով, իսկ այնուհետև` պատերազմով ընդդեմ արցախահայության: Չնայած ուժերի քանակապես անհավասար լինելուն` թե՛ 90-ականներին, թե՛ ապրիլյան իրադարձությունների ժամանակ, արցախահայությունը պաշտպանեց իր անկախության և ազատության իրավունքը:
«Արցախի ժողովրդի պայքարը դատապարտված է հաղթանակի»,- հավելել է Շարմազանովը: