«Սև ցուցակում» հայտնված հայ միգրանտների՝ ՌԴ մուտքի իրավունքը վերկանգվո՞ւմ է
«Ես կարծում եմ, որ ՌԴ մուտքի արգելքի արժանացած մարդկանց խնդիրը կլուծվի: Իսկ լուծման եղանակները մի քանիսն են, այդ թվում՝ նրանք, որոնք դուք մատնանշեցիք: Եղանակներից մեկը տուգանքների վճարումն է», - այս մասին հայտարարել է Ռուսաստանի միգրացիոն դաշնային ծառայությանը կից գործող հասարակական խորհրդատվական խորհրդի քարտուղար, «Հարևանության» միջազգային կապերի զարգացման հիմնադրամի նախագծերի տնօրեն Յուրի Մոսկովսկին:
«Այս հարցը բարձրացվում է և այս պահին քննարկվում է Մոսկվայում: Կա գիտակցումը, որ մարդկանց պետք է հնարավորություն տալ տուգանք վճարել և ազատվել այդ ցուցակներում ներկայությունից: Սրան ավելացրած, դիտարկվում է նաև հետևյալը` պետք է վերանայել այն իրավախախտումների շրջանակը, որոնց դեպքում մարդիկ զրկվում են Ռուսաստան 10 տարով մուտք գործելու հնարավորությունից ավտոմատ կերպով: Այսինքն` պատժամիջոցն իրականում պետք է համապատասխանի կատարած իրավախախտման ծանրությանը: Օրինակ` ճանապարհատրանսպորտային կանոնների խախտումներ կատարած միգրանտները ևս հայտնվում են «սև ցուցակում»: Այսինքն` իրավախախտումների շրջանակը պետք է հստակեցվի և պարզեցվի, պետք է այն առավելագույն չափով մոտեցնել իրականությանը, իսկ ներկայումս օրենքի այս նորմը, իմ համոզմամբ, ծայրաստիճան պատժիչ է, քանի որ խախտման ծանրությունը պատժին չի համապատասխանում», - նշել է Մոսկովսկին, հայտնում է «168 ժամ» թերթը:
Հիշեցնենք, որ այժմ Հայաստանի արդեն 50-60 հազար քաղաքացիներ
բարդ իրավիճակում են հայտնվել: Նրանք, ըստ Հայաստանի միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանի, մեկնել են Ռուսաստանի տարածքից, հիմնականում գտնվում են Հայաստանում եւ չեն կարող հետ վերադառնալ այնտեղ, քանի որ խախտել են այդ երկրի միգրացիոն օրենսդրության պահանջները:
Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության խստացման հետեւանքով որոշակի խախտում թույլ տված քաղաքացիներին արգելվում է մուտք գործել Ռուսաստանի տարածք: «Ըստ ռուսական աղբյուրների՝ ներկայումս ավելի քան 3 մլն մարդ հայտնվել է Ռուսաստանի օրենսդրական նորմերը խախտողների թվում: Նրանց նկատմամբ մինչեւ 10 տարվա արգելք կկիրառվի», - հայտարարել էր մի քանի շաբաթ առաջ Գագիկ Եգանյանը: Նրանցից ավելի քան 180 հազարը Հայաստանի քաղաքացիներ են: Ռուսական կողմի հետ բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել, որ դեպի Ռուսաստան մուտքի արգելքի չեղարկման վերաբերյալ Հայատանի քաղաքացիների դիմումները համապատասխան փաստաթղթերի հետ միասին փոխանցվեն ռուսական կողմին: Արդեն 3600 դիմում ենք փոխանցվել:
Ըստ Եգանյանի՝ օրական մոտ 50-60 քաղաքացի է դիմում Հայաստանի միգրացիոն ծառայությունը: «Մենք արդեն 2800-2900 դիմումի պատասխան ենք ստացել: Դրական ելքով պատասխանները կազմում են 22-23%», - ընդգծել է Գագիկ Եգանյանը: Մնացած դեպքերում կամ նշվում է, որ մեկնման արգելքը կապված է տվյալ անձի նկատմամբ դատական վճռի առկայության հետ: «Կամ էլ պատասխանում են, որ այդ անձի նկատմամբ դեպի Ռուսաստան մեկնման արգելքի չեղարկման հիմքեր չեն տեսնում»,-նշել էր Հայաստանի միգրացիոն ծառայության պետը: