23.11.2024
«Սև ցուցակում» հայտնված հայ միգրանտների՝ ՌԴ մուտքի իրավունքը վերկանգվո՞ւմ է
prev Նախորդ նորություն

Forbes. ամենահարուստ հայերի հնգյակը

Ամերիկյան Forbes ամսագիրը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակը, որում տեղ է գտել 5 հայ գործարար՝Քըրք Քըրքորյանը, Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը, Սերգեյ Գալիցկին և Էդուարդո Էռնեկյանը:

Հյուրանոցային մագնատ Քըրք Քըրքորյանը 97 տարեկանում դեռևս չի շտապում դադարեցնել իր բիզնես գործունեությունը։ Թեև վերջին տարիների ընթացքում նա 750 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ բաժնետոմսեր է վաճառել MGM International Resorts-ի իր բաժնեմասից, այս տարի գարնանը նա հայտարարեց MGM-ում սեփական բաժնեմասն ավելացնելու մտադրության մասին։ Ներկայումս Քըրք Քըրքորյանը ղեկավարում է սեփական ներդրումային Tracinda ընկերությունը։ Այդ տարի Forbes-ը նրա կարողությունը գնահատել է 4.2 մլրդ դոլար:

Ռուսաստանաբնակ ձեռներեց Սամվել Կարապետյանը Տաշիր գրուպ ընկերության սեփականատերն է, որին պատկանում է 24 առևտրի կենտրոն, 8 հյուրանոց և 7 գրասենյակային համալիր, ընդհանուր առմամբ՝ մոտ 1,3 միլիոն քմ առևտրային անշարժ գույք: 2012 թ. Տաշիր գրուպի վարձակալական համախառն եկամուտը կազմել է 720 մլն դոլար, ինչի արդյունքում Ռուսաստանի Դաշնության ամենահարուստ մարդկանց վարկանշային աղյուսակում ՍամվելԿարապետյանը 63-րդ հորիզոնականից բարձրացել է 29-րդ հորիզոնական: «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը կարողությունը հասնում է 4 մլրդ դոլարի:

Դանիլ Խաչատուրովը Ռոսգոսստրախ ապահովագրական հսկայի ներկայացուցչական փաթեթի սեփականատերն է, ինչպես նաև խոշոր ներդրումներ ունի անշարժ գույքի շուկայում: Խաչատուրովը և նրա գործընկերները սնանկ ճանաչված Ռոսգոսստրախը կառավարությունից ձեռք են բերել 2001-2003 թթ.՝ բաժնետոմսերի 75%-ի համար վճարելով 60 մլն ԱՄՆ դոլար, ապա գնել են նաև մնացյալ 25%-ը: Դանիել Խաչատուրովին հաջողվել է խորհրդային ընկերությունը վերածել ապահովագրական հսկայի, որն ունի տարեկան 3 մլրդ դոլարի եկամուտ: Նրա կարողությունը հասնում է 1.6 մլրդ դոլարի:

Արգենտինայի երկրորդ ամենահարուստ մարդուն՝ Էդուարդո Էռնեկյանին է պատկանում բազմապրոֆիլ America Corporation ընկերության հսկիչ փաթեթը։ Ընկերությունը գործունեություն է ծավալում Լատինական Ամերիկայի և Եվրոպայի ավելի քան 49 օդանավակայաններում, պաշտոնապես ներկայացնում է Արգենտինայի փոստային ծառայությունը, շահագործում է 250 հազար քառ. կմ հողատարածք գինեգործության համար, ինչպես նաև ներդրումներ է կատարում բազմաթիվ նախագծերում ամբողջ աշխարհում։ Էռնեկյանը նաև Aeropuertos Argentina 2000 ընկերության բաժնետոմսերի 84%-ի սեփականատերն է։ Այն տնօրինում է մասնավոր օդանավակայաններ Արգենտինայում, Իտալիայում և Բրազիլիայում։ Նրա կարողությունը հասնում է 1.9 մլրդ դոլարի:

Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող Սերգեյ Գալիցկին տնօրինում է երկրի մանրածախ խանութների ամենախոշոր Magnit ցանցը: 1998 թվականին Կրասնոդարում բացելով Magnit անվանումով մթերային խանութը, հետագայում Սերգեյ Գալիցկի–Հարությունյանը այն վերաճեցրեց Magnit մթերային խանութների ցանցի, որն այսօր իր մեջ ներառում է ավելի քան 5000 խանութ, որոնցում աշխատում է ավելի քան 200.000 մարդ: Նրա կարողությունը գնահատվում է 8.3 մլրդ դոլար: