24.11.2024
Պուտինի հայտարարությունը ոչ թե միջամտություն է ՀՀ գործերին, այլ ուղերձ ՌԴ էլիտաներին
prev Նախորդ նորություն

«Ելք»-ը շարունակում է փնտրել ելք ԵԱՏՄ-ից. ԱԺ-ում ընթանում են սիմվոլիկ բնույթի լսումներ

Ազգային Ժողովի ընդդիմադիր «Ելք» խմբակցությունն այսօր նախաձեռնել էր ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցի քննարկմանը նվիրված խորհրդարանական լսումներ: Դրանց ավարտին ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ շնորհակալ է «Ելք»-ին, քանի որ լսումները ևս մեկ անգամ եկան ապացուցելու, թե ինչու չի կարելի սկսել ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց:


Քաղաքական մեծամասնությունը ներկայացնող խմբակցության պատգամավորի կարծիքով, ներկայացված փաստերը աղավաղված էին, իսկ բացի այդ ակնհայտ է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը լուրջ հարված է Հայաստանի տնտեսական, պետական անվտանգության շահերին: Մելիքյանի կարծիքով աբսուրդ է, երբ հնչում է տեսակետ, որ հանուն Հայաստանի պետք է դուրս գալ միությունից, մինչդեռ հենց հանուն Հայաստանի պետք չէ գնալ ինքնակործանման:


Ավելին՝ Գագիկ Մելիքյանը մատնանշեց, որ հիմնական փաստարկը, թե ԵԱՏՄ-ն գոյություն չունի ու ձախողված պրոեկտ է, հերքում է Արևմուտքը.


«Եվրամիությունն ինքն է ընդունել Եվրասիական տնտեսական միությունը, մենք ո՞վ ենք, որ չընդունենք: Սա մեր կռիվը չէ, սա գլոբալ աշխարհի, գերտերությունների կռիվն է, իսկ մենք մեր դիրքերը պետք է օգտագործենք հանուն մեր պետության»,- շեշտեց նա:


Իր ելույթում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը հայտարարեց, որ սխալ է այն կարծիքը, թե ԵԱՏՄ-ում խնդիր չկա, կամ չպիտի լիներ: Ըստ այդմ, ներդրումների նվազման մասով բերվող փաստարկը ևս տեղին չէ, քանի որ ներդրումները չէին կարող չնվազել, քանզի Հայաստանն ինքը չի աշխատում այդ ուղղությամբ:


«Եղել է ժամանակ, երբ Հայաստանից արտահանման կեսից ավելին գնացել է ԵՄ և մենք շատ էինք ուրախանում այդ հանգամանքով, մինչդեռ պետք էր զուսպ վերաբերվել, քանզի դա կախվածություն է առաջացնում: Եվ այսօր ես ուրախ եմ, որ մենք ունենք «և-և»-ի հնարավորությունը և պարզապես խորհուրդ եմ տալիս չափից ավելի տուրք չտալ օտարերկրյա ներդրումների ցուցիչին»,- ընդգծեց նա:


Այդուհանդերձ, Մանասերյանը հարց տվեց՝ ենթադրենք, որ առաջարկն ընդունվում է և Հայաստանը դուրս է գալիս ԵԱՏՄ-ից, հետո՞.


«Ի՞նչ հարցեր են լուծվում, որտե՞ղ ենք հայտնվում: Մի քանի օր առաջ Սերգեյ Լավրովն իզուր չասաց, որ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկությունը անդամակցել ԵԱՏՄ-ից, այդ թվում՝ Ադրբեջանի: Կասկածից վեր է, որ եթե Հայաստանը դուրս գա միությունից, ապա Ադրբեջանը կդառնա ԵԱՏՄ անդամ: Մենք ուզո՞ւմ ենք մեր դեմ տրամադրել նոր թշնամիներ»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ ցանկացած անդամակցություն աշխատանք է պահանջում, որպեսզի այս կամ այն միությունում որևէ օգուտ լինի:


Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստյոպա Սաֆարյանը իր ելույթում նշեց, որ ԵԱՏՄ-ում ՀՀ անմխիթար գոյությունը չի փաստում բազմակողմ ինտեգրացիայի մասին, իսկ ուրբաթ օրը Բրյուսելում ստորագրված ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը «և-և»–ի քաղաքականության իրականացում չէ:


«ԵԱՏՄ գրեթե ոչ մի խոստում կյանքի չի կոչվել, այդ թվում և արդյունաբերական բնագավառում տեղի ունեցած ներդրումների խոստումները: Խոսքս նաև «Նաիրիտ» գործարանի վերագործարկման համար նախատեսված 500 մլն դոլարի ներդրումներին է վերաբերում: Փորձ է արվում այս ամենն արդարացնել Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցներով, բայց կարևոր է հասկանալ՝ արդյոք մենք ապագայում ունենալու ենք հույսեր, որ մեզ տված խոստումները կյանքի են կոչվելու, թե ոչ», - հայտարարեց նա:


Մինչդեռ Երեւանի պետական համալսարանի Կառավարման եւ տնեսության ֆակուլտետի դեկան, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը համաձայն չէ այդ գնահատականների հետ: Նրա կարծիքով՝ Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանին տնտեսական նոր ուղեծիր դուրս գալու բարեպնպաստ հնարավորություն է ընձեռել: 


«Հայաստանից ոչ մեկը չի էլ պահանջել հրաժարվել իր ինքնիշխան իրավունքներից: Հայաստանը սեփական առեւտրային ռեժիմ ունի, այն սեփական փող ունի եւ սեփական հարկային համակարգ և այս ցուցանիշներից որևէ  մեկով Հայաստանը ԵԱՏՄ-ին որևէ զիջման չի գնացել»,- հայտարարեց Սարգսյանը:


ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն էլ հայտարարեց, որ ԵԱՏՄ–ին ՀՀ անդամակցությունը բխում և համապատասխանում է Երևանի արտաքին քաղաքական օրակարգին։  


«Ցանկացած միջազգային կազմակերպությանը անդամակցելը բերում է ինքնիշխանության մի մասի կամավոր փոխանցմանը կամ որոշ սահմանափակմանը։ Ակնհայտ է, որ, օրինակ, ԵՄ անդամ երկրները Բրյուսելին շատ ավելի մեծ ինքնիշխան իրավունքներ են փոխանցել, քան ԵԱՏՄ երկրները: Կարծում եմ, որ եվրոպական ճգնաժամի հիմնական պատճառներից մեկը հենց անդամ երկրների կողմից հօգուտ Բրյուսելի իրենց սուվերեն իրավունքներից հրաժարվելն է»,– նշեց Աշոտյանը:


Հիշեցնենք, որ «Ելք» խմբակցության ներկայացրած հայտարարության նախագծում ասվում է, թե «ԵԱՏՄ անդամակցության 3 տարում Հայաստանի ՀՆԱ-ն կրճատվել է 8 տոկոսով, զբաղվածության մակարդակը՝ 13 տոկոսով, միջազգային պահուստները` 40 տոկոսով, պետական պարտքն աճել է 10%-ով, միաժամանակ ներդրումների զուտ հոսքերը 2014 թվականին կազմել են 167.4 մլրդ դրամ, իսկ 2016-ին դրանք նվազել են` հասնելով 81 միլիարդ դրամի։ 2017 թվականին Հայաստանից դեպի Ռուսաստան 25 մլն ԱՄՆ դոլարի դրամական հոսք է տեղի ունեցել, իսկ ռուսական կողմից Հայաստան այս տարի ներդրումները գրեթե զրոյական են:


ԵԱՏՄ անդամակցության հետեւանքով 900 անուն ապրանք թանկանալու է: Եթե դեղորայքի ներմուծման համար մինչ այժմ գործել է 0% մաքսատուրք, ԵԱՏՄ-ում այն դառնում է 8-12․5%, շաքարավազի (հիմնականում ներմուծվում է Բրազիլիայից եւ Ուկրաինայից) համար գործող 10% մաքսատուրքը ԵԱՏՄ պայմանագրի համապատասխան դրույթների ուժի մեջ մտնելուց հետո դառնալու է 40%, թռչնամսի համար մեզ մոտ գործող 10%-ը ԵԱՏՄ-ում կաճի մինչեւ 25%, Հայաստանում արտասահմանյան մեքենաների ներմուծման համար գործող 10% մաքսատուրքը ԵԱՏՄ-ում տատանվում է 25-200%-ի միջակայքում:


ԵԱՏՄ անդամ-պետությունները որեւէ օգնություն չեն ցուցաբերել եւ այժմ էլ չեն ցուցաբերում Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, ավելին՝ ամենաբարձր մակարդակներում բազմիցս հանդես են եկել ի պաշտպանություն ադրբեջանական կողմի ագրեսիվ քաղաքականության, իսկ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը, շարունակում է զինել Ադրբեջանին՝ մատակարարելով նրանց բանակի տեխնիկայի եւ հատկապես հարձակողական զենք-զինամթերքի 85%-ից ավելին, այդ թվում՝ գերժամանակակից հզոր եւ հակամարդկային զինատեսակներով»:


Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի վերջին ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը մերժեց «Ելք» խմբակցության առաջարկը` ստեղծել ժամանակավոր հանձնաժողով և քննարկել Հայաստանի օգուտներն ու վնասները ԵԱՏՄ անդամակցությունից ու ըստ այդմ մեկնարկել միությունից դուրս գալու հարցը: