ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը մերժում են ԵԱՏՄ-ից դուրս գալու գաղափարը
Հայաստանի խորհրդարանում ԵԱՏՄ-ից դուրս գալու համար եզրակացություն ստանալու վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով չի ստեղծվի։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն այսօր քննարկում էր «Ելք» խմբակցության առաջարկը` ստեղծել ժամանակավոր հանձնաժողով և քննարկել Հայաստանի օգուտներն ու վնասները ԵԱՏՄ անդամակցությունից ու ըստ այդմ մեկնարկել միությունից դուրս գալու հարցը:
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի 11 անդամներից միայն «Ելք» խմբակցության անդամ Արտակ Զեյնալյանը կողմ քվեարկեց. «Ելք»-ը տվյալ հանձնաժողովում միայն մեկ անդամ ունի: Հանրապետականը, ՀՅԴ-ն և «Ծառուկյան» դաշինքը դեմ քվեարկեցին առաջարկին:
Իր եզրափակիչ խոսքում հիմնական «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նման հանձնաժողովը հենց իշխանությանն է պետք, որպեսզի ցույց տան, թե ինչ օգուտներ է քաղել երկիրը ԵԱՏՄ անդամակցությունից:
Հարցի քննարկումը մինչև երկու ամիս հետաձգվեց: