23.11.2024
Վարչապետը խորհուրդ է տվել հայաստանցիներին չապրել «իլյուզիաներով»
prev Նախորդ նորություն

Պուտինի հայտարարությունը ոչ թե միջամտություն է ՀՀ գործերին, այլ ուղերձ ՌԴ էլիտաներին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին վերագրվող այն հայտարարությունը, թե ՌԴ-ն թույլ է տալիս Հայաստանին գնալ դեպի արեւմուտք, պետք չէ ընդունել չարությամբ և դժկամությամբ, կամ համարել միջամտություն մեր երկրի ներքին գործին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:


«Դա պարզապես պարզ զգուշացում է ՌԴ համապատասխան էլիտաներին` դադարեցնել անհանգիստ պրպտումները, թե Հայաստանը հեռանում է ՌԴ-ից դեպի Արեւմուտք: Առավել ևս, որ նման բան չկա»,- հայտարարեց նա:


Սաֆարյանի խոսքով,  Եվրամիության հետ համագործակցության նոր համաձայնագիրը ստորագրելով Հայաստանը լավ օրինակ է դարձել և հիմա պետք է ջանք գործադրել, որպեսզի այն, ինչ կոչված է մեզ հզորացնելու և ամրացնելու, արտաքին մարտահրավերների ու սպառնալիքների հանդեպ դիմադրող դարձնելու հանկարծ չվերափոխվի լրացուցիչ կորուստների և քաղաքական առճակատումների, որոնք կթուլացնեն երկիրը:


Անդրադառնալով այն հայտարարությանը, թե Հայաստանը կարող է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև կամուրջ դառնալ, Սաֆարյանը նշեց, որ դա համարում է ոչ այլ ինչ, քան «քարոզչական մակարդակում ականջ շոյող հայտարարություններ», քանզի Հայաստանն այնքան փոքր երկիր է, որ դժվար նրանից նման իրողություն ակնկալվի.


«Չմոռանանք նաև, որ Արևմուտքը չի դադարում ՌԴ-ին չեզոքացնելու, ծնկի բերելու քաղաքականությունը: Եվ այդ ճանապարհին փորձում է ներքաշել հնարավորինս շատ երկրներ, այդ թվում նաև ՌԴ հետ գործընկերների: Եվ չնկատել այն նկրտումները չափազանց վտանգավոր է»,- շեշտեց նա:


Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգողը նշեց նաև, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը Հայաստանում գործող պրոարևմտյան ուժեր ընկալեցին իբրև ազդանշան, թե կարելի է ուժեղացնել հակառուսական և հակաեվրասիական քարոզչության աստիճան՝ օգտագործել այդ հանգամանքը հակառուսական տրամադրություններ սերմանելու գործում: Այդ իմաստով, ասաց նա, բազմապիսի հարթակներ են օգտագործվել, թեև միևնույն ժամանակ նաև նկատելի է, որ վերջին 2.5 ամսում հակառուսական հռետորաբանությունը հայաստանյան ԶԼՄ-ներում փոքր-ինչ նվազել է.


«Սակայն ես չեմ կասկածում, որ պրոարևմտյան ուժերն ու նրանց հովանավորները կշարունակեն գեներացնել հակառուսական ուղղությունները, քանզի հակաքարոզչական այն հզոր մեքենան, որ ստեղծվել է Հայաստանում, չի կարող գոյություն ունենալ առանց քաղաքական պատվերների»,- հավելեց նա: