23.11.2024
Մամուլ. Համաձայնագրի ստորագրումից հետո ԵՄ-ն դեմ չի լինի Սերժ Սարգսյանի «երրորդ ժամկետին»
prev Նախորդ նորություն

Գիտակցում ենք, որ վիթխարի աշխատանք է սպասվում. Նալբանդյանը ստանձնեց նախագահությունը

Նախօրեին Փարիզում ընթացող Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ստանձնեց 84 անդամ, ասոցացված և դիտորդ պետություն ու կառավարություն միավորող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտաքին գործերի նախարարների համաժողովի նախագահությունը։

Համաժողովի ավարտին տեղի ունեցած հանդիսավոր արարողությանը Մադագասկարի արտգործնախարար Անրի Ռաբարի-Նձական Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանին փոխանցեց Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովի նախագահությունը։

«Մենք գիտակցում ենք, թե ինչպիսի վիթխարի աշխատանք է մեզ սպասում»,- ասել է Նալբանդյանը:

Ավելի ուշ համատեղ ասուլիսում արտգործնախարարը նշեց, Հայաստանը հպարտ է, որ իրեն է վսհատվել պատիվը՝ հյուրընկալելու Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթաժողովը, որի հաջողությունն ապահովելու համար Հայաստանը մոբիլիզացրել է իր բոլոր հնարավորությունները։

«Գագաթաժողովը տեղի է ունենալու 2018թ․ հոկտեմբերի 11-12-ին։ Որպես XVII-րդ Գագաթաժողովի խորհրդանշան (լոգո)՝ ի շարունակություն Երևանի նախարարական համաժողովի, ընտրվել է նուռը, որը հայկական մշակույթում խորհրդանշական համարում ունի։ Ցանկանում ենք, որ բարձրաստիճան այս հանդիպումը դառնա համախմբման մեծ իրադարձություն մշակութային ծրագրերի միջոցով, որի հիշարժան միջոցառումներից մեկը կլինի հոկտեմբերի 11-ին նախատեսված ֆրանկոֆոն հեղինակավոր երգիչների մասնակցությամբ գալա համերգը: Նախատեսում ենք կազմակերպել նաև «Ֆրանկոֆոնիայի ավան», ուր համապատասխան տաղավարներով իրենց ժողովուրդների մշակութային բազմազանությունը, արհեստներն ու արվեստն են ներկայացնելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրները։ «Ֆրանկոֆոնիայի ավանը» տեղակայված կլինի մայրաքաղաքի կենտրոնում, Երևանի սրտում, որի 2800-ամյակի տոնակատարությունները կնախորդեն գագաթաժողովին»,- ասել է նա։

Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրել է, որ որպես գագաթաժողովի հիմնական կարգախոս առաջարկվում է «Ապրել միասին» թեման։ «Ապրել միասին՝ հարգելով մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»։

«Ակնկալում ենք նաև աշխատել Ֆրանկոֆոնիայի մի նոր հիմնարար փաստաթուղթ՝ Երևանյան Պակտ ստեղծելու ուղղությամբ, որտեղ կարող են համապարփակ կերպով ամրագրվել «Ապրել միասին» հասկացության սկզբունքներն ու արժեքները։ Այս առումով ցանկանում ենք, որ Ֆրանկոֆոնիայի երիտասարդական ցանցը միանա այս գործընթացին և իր նպաստը բերի այս փաստաթղթի կյանքի կոչմանը։ Գագաթաժողովը կներառի այլ առաջնային թեմաներ նույնպես՝ մշակութային բազմազանություն, թվային ֆրանկոֆոնիա, կանանց և տղամարդկանց իրավահավասարություն, ինչպես նաև կայուն զարգացում, կլիմայական փոփոխությունների դիմակայում և այլն»,- թվարկել է նա։

Բացի այս, երևանյան գագաթաժողովի շրջանակներում կարևոր միջոցառումների թվում մտադրություն կա կազմակերպել Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորում։ Նախարար Նալբանդյանի խոսքով, մեծապես կարևորվում է ձեռնարկատերերի ինստիտուցիոնալ և մասնագիտական կապերի ամրապնդումը և ըստ այդմ հույս կա, որ Երևանում հնարավոր կլինի հիմքեր ստեղծել ֆրանկոֆոն գործարարների ցանցի մեկնարկի նպատակով։