VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:
«Ժողովուրդ». «Երեկ Բրյուսելում ստորագրվեց Հայաստանի և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Համաձայնագիրը ստորագրեցին ՀՀ արտաքին գործերի նախարար էդվարդ Նալբանդյանը և ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Իսկ Սերժ Սարգսյանը և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կանգնել էին նրանց գլխավերևում որպես փաստաթղթի երաշխավորներ:
Հայաստանի քաղաքական դաշտը երեկ, շունչը պահած, ասում էր այս փաստաթղթի ստորագրմանը: Կասկածից վեր է, որ այս համաձայնագրի ստորագրումը Հայաստանի քաղաքական կյանքում վերջին տարիներին տեղի ունեցած ամենակարևոր իրադարձությունն է: Բայց մյուս կողմից այս փաստաթղթի հետ կապված դրական ակնկալիքները չափազանցված են և շատ շուտ կմարեն: Ինչո՞ւ, որովհետև 2015թ. դեկտեմբերի 21-ին 18 միլիոնանոց բնակչություն ունեցող, ԵԱՏՄ անդամ երկիր Ղազախստանը նմանատիպ պայմանագիր ստորագրել է ԵՄ-ի հետ, բայց առ այսօր ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև կամուրջ չի դարձել:
Սակայն հարկ է նկատել, որ այս համաձայնագրի ստորագրումը էական ազդեցություն կունենա Հայաստանի հետագա քաղաքական կյանքի վրա: Բանն այն է, որ այս համաձայնագրի ստորագրմամբ Սերժ Սարգսյանը կատարեց եվրոպական կառույցներին դեռևս 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններից հետո տված իր խոստումը: Այսպիսով՝ եվրոպական կառույցները առանձնապես դեմ չեն լինի Սերժ Սարգսյանի 2018-ի ապրիլի 9-ից հետո «երրորդ ժամկետ» պաշտոնավարելուն՝ որպես ՀՀ վարչապետ»:
«Հրապարակ». «Քառամյա ոդիսականից հետո Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն ստորագրվեց: Մտավախություն կար, որ ԱլԳ հռչակագրում արցախյան կոնֆլիկտի մասով ոչ հայանպաստ ձևակերպումներ կլինեն: Ու թեև ԵՄ-ն խուսափել է հայերին «նեղացնելուց», սակայն Կատալոնիայի հանրաքվեից հետո ազգերի ինքնորոշման խնդիրը ԵՄ անդամ երկրների համար խիստ զգայուն և ցավոտ թեմա է: Այստեղ կարծում են, որ անջատողական տրամադրություններին տուրք տալը հավասարազոր է ջինը շշից բաց թողնելուն: Չէ որ բազում երկրներ ունեն խնդիրներ, այդ թվում՝ Իտալիան՝ Լոմբարդիայի, Սիցիլիայի, Իսպանիան՝ Կատալոնիայի: Թեև հռչակագրում պահված է բալանսը Հայաստանի և Ադրբեջանի միջև, այնուհանդերձ, ղարաբաղյան հակամարտության հետ կապված, հիշատակվում է տարածքային ամբողջականության սկզբունքը, իսկ ազգերի ինքնորոշմանը՝ ոչ: Մասնավորապես. «ԵՄ-ն հավատարիմ է իր բոլոր գործընկերների տարածքային ամբողջականության, անկախության և ինքնիշխանության աջակցմանը»»:
«Հրապարակ». Մեր տեղեկություններով` Ծառուկյանն իր թիմակիցներին ասել է` կառավարությանը շատ մի կպեք, բայց «գազի հանձնաժողովի» հարցում մինչեւ վերջ գնալու ենք: Սակայն ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցում հակասություններ կան: Բանն այն է, որ ԱԺ կանոնակարգ-օրենքով քննիչ հանձնաժողով կարող է ստեղծվել պատգամավորների ընդհանուր թվի մեկ քառորդի՝ 26 պատգամավորի պահանջով. ԲՀԿ-ն բավարարում է այդ «պահանջին» եւ կարող է միայնակ ստեղծել հանձնաժողով, ուսումնասիրել թե՛ գազի, թե՛ ներտնային ծառայության խնդիրները: Սակայն ԱԺ իրավաբանները գտնում են, որ Սահմանադրության անցումային դրույթներում (209 հոդված, կետ 6) ամրագրված քննիչ հանձնաժողովի դրույթներն ուժի մեջ են մտնում «նորընտիր նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը»: Այսինքն` եկող ապրիլից: ԲՀԿ-ն համաձայն չէ։
«Հրապարակ». «Վրաստանին սահմանամերձ գյուղերի բնակիչներից ահազանգ-բողոք ստացանք, որ ՊԵԿ-ն արգելել է 5 կիլոգրամից ավելի մանդարին ու ցիտրուսային այլ մրգեր առանց մաքսազերծելու ներկրել Հայաստան։ Նախկինում այդ շեմը 50 կգ էր։ Այսինքն՝ մինչև 50 կգ-ն չէր համարվում առևտրային քանակ ու չէր մաքսազերծվում։ Մարդիկ անարգել բերում էին իրենց օգտագործման, բարեկամների համար, գուցե ոմանք էլ մի փոքր քանակ վաճառում էին՝ իրենց ծախսերը հանելու համար։ Հիմա առևտրային քանակ չի համարվում մինչև 5 կգ-ն, դրանից ավելին մաքսազերծման ենթակա է։ Եվ սա հարուցել է մարդկանց դժգոհությունը։ ՊԵԿ-ից չհերքեցին մեր տեղեկությունը՝ բացատրելով, թե ինչու է շեմն իջեցվել։ Պարզվեց՝ պատճառը ԵԱՏՄ-ն է։
«Համաձայն 2017 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի N 157 որոշման՝ վերոհիշյալ ենթակարանտինային արտադրանքի միայն մինչև 5 կգ-ի Հայաստանի Հանրապետության (ԵԱՏՄ) տարածք ներմուծումը կարող է թույլատրվել՝ առանց համապատասխան պետական լիազոր մարմնի կողմից տրամադրված բուսասանիտարական հավաստագրի»,- մեր հարցմանն ի պատասխան՝ ասացին ՊԵԿ-ից։ Հետևաբար, ըստ ՊԵԿ-ի, անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց կողմից 5 կգ-ից ավելի խնդրո առարկա մանդարինի՝ «ենթակարանտինային արտադրանքի» ներմուծումը ՀՀ տարածք կարող է թույլատրվել միայն բուսասանիտարական հավաստագիր ունենալու և այն ՀՀ մաքսային մարմիններին ներկայացնելու դեպքում: Այնպես որ՝ եթե պատրաստվում եք գնալ Վրաստան և մանդարին գնել, որտեղ այն արժե մոտ 110 դրամ՝ 1 կգ-ի համար, 5 կգ-ից ավելի գնելու դեպքում պետք է դիմեք բուսասանիտարիայի ծառայություն՝ հավաստագիր ստանալու համար»:
«Հայկական ժամանակ». «Հանրության շրջանում ամենաշատ քննարկման թեման թերևս կարագի թանկացումն է: Այն իրոք թանկանում է կատաղած տեմպերով: Եթե այսօր տեսնում եք, որ մեկ կիլոգրամ կարագն արժե, ասենք, 4000 դրամ, ապա իրավունք ունեք կասկածելու, որ հաջորդ օրն այն մի 5-10 տոկոսով ավելի թանկ կլինի:
Որքանով են այդ քննարկումները համապատասխանում այն «դերին», որը խաղում է կարագը մեր կյանքում: Եթե առաջնորդվենք պաշտոնական վիճակագրության տվյալներով, ապա հայ հանրության համար կարագի թանկացումը պետք է աննկատ մնար ընդհանրապես:
Ըստ ՀՀ մաքսային ծառայության հրապարակած տեղեկությունների՝ անցած ողջ տարվա ընթացքում Հայաստան է ներմուծվել 4 հազար 725 տոննա կարագ: 2015 թվականին ներմուծվել էր 4 հազար 383 տոննա: Այսինքն՝ ունեցել ենք աճ մոտ 8 տոկոսով: Սակայն 2017 թվականի առաջին կիսամյակում պատկերը կտրուկ փոխվել է: Այդ ժամանակահատվածում ներկրվել է 2 հազար 361 տոննա, որը 224 տոննայով կամ 8.6 տոկոսով քիչ է 2016 թվականի նույն ցուցանիշից:
Բայց այս աճն ու նվազումն այնքան էլ էական չեն: Խնդիրն այն է, որ Հայաստանում կարագի սպառումը շատ քիչ է: Տարեկան մեկ շնչի հաշվով սպառվում է մոտ 1.5 կիլոգրամ կարագ: Եթե համարենք, որ կարագի մեկ կիլոգրամի գինը կհասնի կամ կանցնի 5 հազար դրամը, ապա տարեկան յուրաքանչյուր անձի հաշվով կարագի վրա կատարված ծախսը կկազմի 7 հազար 500 դրամ, կամ ամսական 625 դրամ: Կարագի ասենք 50 տոկոս թանկացումն ավելացնում է դրա վրա յուրաքանչյուր անձի կատարած ծախսը միայն 200-300 դրամով:
Առաջին հայացքից դա շատ քիչ է: Սակայն նման հաշվարկներ անելը, այսպես ասենք, կոռեկտ չէ մանավանդ Հայաստանի դեպքում: Կարագն առաջին անհրաժեշտության ապրանք է և պարտադիր առողջ սննդակարգի պարտադիր բաղադրիչ պետք է լինի: Բայց Հայաստանում բնակչության եկամուտների բաշխվածությունը չափազանց անհավասար է: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հացն ու կարտոֆիլը մեր բնակչության 70 տոկոսի համար հիմնական սնունդ են հանդիսանամ: Իսկ բնակչության մոտ 30 տոկոսը հազիվ է ապահովում իր սնունդը՝ աղքատ է: Ահա այս խավերի համար կարագի նույնիսկ չնչին թանկացումը հանգեցնելու է այդ մթերքի սպառման նվազմանը: Եվ դա, որքան էլ տարօրինակ հնչի, պարզ երևում է պաշտոնական վիճակագրության տվյալներից: 2016 թվականի առաջին կիսամյակում Հայաստան ներկրված մեկ կիլոգրամ կարագի մաքսային արժեքը եղել է 3.5 դոլար: 2017-ին նույն ցուցանիշը եղել է արդեն 4.3 դոլար: Այսինքն՝ հենց այս տարվա առաջին կիսամյակից կարագը սկսել է թանկանալ: Ու հենց առաջին կիսամյակում էլ ներկրումը նվազել է, ինչը ենթադրում է, որ նվազել է նաև սպառումը»: