26.11.2024
«Մոնսանտո»-ի արտադրանքից օգտվել-չօգտվելու որոշումը կայացնելու են ֆերմերները. դեսպանատուն
prev Նախորդ նորություն

Հայաստանում կրճատում են կրթության ու առողջապահության ծախսերը, ավելացնում՝ ոստիկանությանը

2018 թվականի բյուջեով նախատեսվում է Առողջապահության նախարարությանը տրամադրել 80.1 մլրդ դրամ, որը բացարձակ թվով շուրջ 5.8 մլրդ դրամով ավելի պակաս է 2017-ի ցուցանիշից:


Այս մասին ԱԺ-ում 2018-ի բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը։ «Շահառուներին մատուցվող ծառայութնուները չեն վատթարացվի, ճիշտ հակառակը՝ փոքր բյուջեով հնարավոր է մեծ հաջողությունների հասնել», - ասաց նա, հայտնում է aysor.am-ը։


Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը չհամաձայնեց մտքի հետ՝ նշելով, որ առողջապահության ոլորտում լուծում պահանջող այնքան խնդիր կա, որ լուծելու համար բյուջեն չպետք է կրճատվի։ «Ոլորտում այնքան խնդիրներ ունենք լուծելու, որ 5 մլրդ կրճատելը գոնե տրամաբանորեն ճիշտ չէ», - նշեց Հակոբ Հակոբյանը։


Փոխնախարարն էլ նկատեց, որ յուրաքանչյուր ոլորտում էլ ավելի շատ հատկացումների կարիք կա, քան տրամադրվում է։ «Ցանկացած ոլորտի պարագայում կարիքն ավելի մեծ է, քան հնարավորությունները, որոնք հատկացվում են այդ կարիքները բավարարելու համար», - ընդգծեց Ջանջուղազյանը։


2018 թվականի բյուջեով առողջապահության նախարարությանը բժշկական սարքավորումների ձեռք բերման համար ընդհամենը 10 մլն դրամ է տրամադրվել, ինչը շատ քիչ է, ասաց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգանավոր Արմենուհի Կյուրեղյանը։ «Դեղորայքների ձեռք բերման համար նախատեսված է 3 մլրդ 330 մլն դրամ, իսկ սարքավորումների ձեռքբերման համար՝ ընդհամենը 10 մլն։ Արդյո՞ք ճիշտ է բժշկական սարքվորումների համար նման քիչ գումար նախատեսել»,- հետաքրքրվեց պատգամավորը։


«Պետք է հաշվի առնել, որ մենք բուժհաստատությունների հետ պայմանագրերի միջոցով ենք հարաբերվում, եւ մենք իրենցից ծառայություններ ենք ձեռք բերում։ Ձեր ասածն արդեն ներդրումներ են, արդյո՞ք պետք է, որ դրանք կատարվեն պետական բյուջեի միջոցների հաշվին, թե այն լրացուցիչ ծառայությունները, որ բուժհաստատությունները կատարում են իրենք պետք է դրանք կատարեն», - նշեց Ջանջուղազյանը։


Հատկանշական է, որ Հայաստանում առաջիկա տարիներին նախատեսված է նաեւ կրթության ֆինանսավորման կրճատում: Չնայած օրենքով սահմանվել էր, որ մինչև 2018 թվականը կրթությանը տրամադրվող գումարը պետք է հասներ ՀՆԱ-ի 4 տոկոսին, սակայն ոչ միայն չի բարձրանալու, այլև այսօրվա ՀՆԱ-ի 2.34 տոկոսից ՀՀ կառավարությունը ծրագրում է 2018-2020թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրով կրճատել մինչեւ 1.85 տոկոս:


Այսինքն, կրթության ոլորտը բացի որակի հետ կապված խորքային խնդիրներից, բախվելու է նաեւ ֆինանսավորման կրճատման հեռանկարին: Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրության ինստիտուտի կրթության ֆինանսավորման ցուցանիշների աղյուսակի՝ ՀՀ-ն ներկայիս ցուցանիշով 158 երկրների շարքում գտնվում է 136-րդ տեղում: Կրթությանը տրամադրվող գումարների ցուցանիշով Հայաստանը նաև ամենացածրն է ողջ տարածաշրջանում:


Կրթական քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչները խիստ մտահոգիչ են համարում այս հեռանկարն ու պահանջում, որ կառավարությունը բյուջետային քննարկումների ընթացքում որպես նպատակակետ ընդունի ՀՆԱ-ում կրթական ծախսերը 3 տոկոսի հասցնելու հարցը, իսկ ավելի հեռավոր նպատակ սահմանի 4.5 տոկոսը: Նախաձեռնության անդամները նաեւ պահանջել են ԱԺ բոլոր խմբակցություններին խթանել այս առաջարկների խորհրդարանում ակտիվ քննարկումը:


Հայաստանի կրթության ֆինանսավորումը 2016-ին եղել է մոտ 254 մլն դոլար, իսկ նույն թվին օրինակ՝ Ոստիկանության ֆինանսավորումը կազմել է 134 մլն դոլար, այսինքն՝ Ոստիկանության բյուջեն կազմել է կրթության բյուջեի մոտ 52%-ը: Հայաստանում աշակերտների թիվը մոտ 365 հազար է, իսկ ոստիկաների թիվը՝ մոտ 30 հազար (այս թվի շուրջ տարբեր կարծիքներ կան): Այսինքն՝ ոստիկանների թիվը մոտ 12 անգամ քիչ է աշակերտների թվից, բայց ֆինանսավորումն ընդամենը 2 անգամ է քիչ, կամ մեկ ոստիկանի վրա բյուջեով մոտ 6 անգամ ավելի շատ ներդրում է կատարվում, քան՝ մեկ աշակերտի: Միաժամանակ՝ Ոստիկանության բյուջեն 2011 թ.-ին եղել է մոտ 49 մլն դոլար, իսկ 2016-ին 85 մլն դոլարով ավելացել է: Կրթության բյուջեն 2011-ին եղել է մոտ 220 մլն դոլար, իսկ 2016-ին հասել է 254 մլն դոլարի:


Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը 168.am-ի հետ զրույցում կրթության և Ոստիկանության ծախսերի համեմատությունն անընդունելի է համարել։ «Նման համեմատությունը տեղին չէ։ Ոստիկանական համակարգի վրա նաև կան բավականին շատ մեծ կապիտալ ծախսեր, որ չունի կրթական ոլորտը։ Այնպես չէ, որ Ոստիկանությունը, օրինակ, դատարկ ձեռքերով կարող է անվտանգություն ապահովել։ Այսինքն՝ այնտեղ կան ծախսեր, որ չկան կրթության ոլորտում։ Այսինքն՝ այդպես չոր համեմատություն անելն առնվազն կոռեկտ չէ»,- ասաց Վ.Արամյանը։


Ըստ նրա՝ կրթության ծախսերը պետք է համադրելի դարձնել նմանատիպ այլ երկրների կրթության հետ. «Սա է ճիշտը, այլապես տանձը ձմերուկի հետ համեմատելը ճիշտ մոտեցում չէ»։ «Եթե պաշտպանությունը վերցնենք, թվերն է՛լ ավելի մեծ կլինեն։ Ոստիկանական ու կրթական ծախսերն անհամադրելի են»,- հավելեց նախարարը։