Պուտինը, Ռոհանին ու Ալիեւը համատեղ հայտարարություն են ընդունել հակամարտությունների մասին
Չկարգավորված հակամարտությունները զգալի խոչընդոտ են տարածաշրջանային համագործակցության համար: Այդ մասին ասված է Կրեմլի մամուլի ծառայության տարածած և Ռուսաստանի, Իրանի ու Ադրբեջանի նախագահների գագաթնաժողովի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ:
«Կողմերն ընդունում են, որ տարածաշրջանում չկարգավորված հակամարտությունները զգալի խոչընդոտ են տարածաշրջանային համագործակցության համար, և այդ առնչությամբ ընդգծում են միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի ու դրանց համապատասխան ընդունված որոշումների ու փաստաթղթերի հիման վրա բանակցությունների միջոցով շուտափույթ խաղաղ կարգավորման կարևորությունը»,- ասված է հայտարարությունում:
Կողմերը նաև ընդգծել են երեք երկրների համագործակցության զարգացման, առևտրատնտեսական կապերի հետագա ակտիվացման ուղղությամբ համատեղ ջանքերի կարևորությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Թեհրանում իրանցի և ադրբեջանցի պաշտոնակիցների՝ Հասան Ռոհանիի և Իլհամ Ալիևի հետ գագաթնաժողովի ժամանակ ինչ հարցեր են քննարկվել։ Ըստ նրա՝ քննարկվել են անվտանգության, իրանական միջուկային ծրագրի և սիրիական ճգնաժամի հարցերը:
Հայտնի է դարձել, որ Ռուսաստան-Իրան-Ադրբեջան ձևաչափով հաջորդ գագաթնաժողովը կանցկացվի ՌԴ-ում 2018-ին: