ՄԱԿ․ ԻՊ գրոհայինները Մոսուլում ռազմական հանցագործություններ են կատարել
«Իսլամական պետության» գրոհայինները Մոսուլի ազատագրման գործողության ժամանակ մարդու իրավունքների՝ լուրջ եւ սիստեմատիկ բնույթի ոտնահարումներ են թույլ տվել, որոնք կարող են որակավորվել որպես միջազգային հանցագործություններ։ Այս մասին ասված է Իրաքում ՄԱԿ առաքելության եւ ՄԱԿ մարդու իրավունքների վարչության նոր զեկույցում։
Գրոհայիններն առեւանգել են քաղաքացիական անձանց, օգտագործել որպես կենդանի վահան, դիտավորյալ թիրախավորել են բնակելի թաղամասերն ու ահաբեկել նրանց, ովքեր ցանկանում էին լքել քաղաքը։
«Մոսուլ քաղաքի ազատագրման գործողության ընթացքում հազարավոր խաղաղ քաղաքացիներ մարդու իրավունքների ոտնահարման եւ միջազգային իրավունքների խախտման զոհեր են դարձել»,- ասել է ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը՝ ներկայացնելով զեկույցը։
«Սպանությունները, քաղաքացիական անձանց մահապատիժները, նրանց ունեցվածքի ոչնչացումը անթույլատրելի գործողություններ են՝ անկախ հակամարտության բնույթից։ Այդ գարշելի հանցագործության մեղավորները պետք է կրեն իրենց պատիժը»,- հավելել է ՄԱԿ իրավապաշտպանը։
Զեկույցում ասվում է, որ 2016-ի նոյեմբերի սկզբին ԻՊ գրոհայինները հայտարարել էին, որ Իրաքի անվտանգության ուժերի ազատագրած տարածքների բնակիչներն այսուհետ դառնում են «օրինական թիրախ», քանի իոր նրանք չեն կարողացել դիմադրել կառավարական ուժերին։