Հայ միգրանտների իրավունքները ՌԴ-ում ոտնահարվում են. ո՞վ է մեղավոր
VERELQ-ը ահազանգ է ստացել ՀՀ քաղաքացուց, որ հայաստանցի ապօրինի աշխատանքային միգրանտները Ռուսաստանում լուրջ խնդիրների առաջ են կանգնում և ոտնահարվում են նրանց իրավունքները: Խոսքն այն դեպքերի մասին է, երբ ՀՀ քաղաքացին, ով ՌԴ տարածքում աշխատելու կամ ապրելու անհրաժեշտ փաստաթղթեր չունի, հայտնաբերվում է իրավապահների կողմից, և հետագայում կարող է մի քանի ամիս անցկացնի միգրանտների ժամանակավոր ճամբարներում, մինչ Հայաստանից իր վերաբերյալ հարցմանը ստացվի պատասխան:
Համաձայն ընթացակարգի՝ ապօրինի միգրանտի մասով դատարանը որոշում է կայացնում, որը անձը կարող է բողոքարկել 10-օրյա ժամկետում, այնուհետ նրա տվյալները ճշտելու համար հարցում է արվում Հայաստան և պատասխանի հիման վրա ընթացքը գալիս մինչև քաղաքացուն հայրենիք ուղարկելը: Մեր զրուցակցի խոսքով, ՀՀ քաղաքացիները ամիսներով՝ անգամ 4-5 ամիս, մնում են այդ ճամբարներում, և այդ ամբողջ ընթացքում ՀՀ քաղաքացին պարտադրված է անցկացնել փակ ճամբարում՝ առանց դուրս ու ներս անելու իրավունքի:
Շուրջ մեկ ամիս Ռուսաստանի հեռավոր քաղաքներից մեկի նման ճամբարում անցկացրած քաղաքացին, ով համեմատած ուրիշների հետ Հայաստան է վերադարձել նման կարճ ժամկետում, քանի որ իր հարազատները գործի են դրել ծանոթ-բարեկամ մեխանիզմը, մի շարք հարցադրումներ ունի: Դրանք են՝ ո՞վ է մեղավոր, որ հայ քաղաքացիները պարտադրված են ուզբեկների, տաջիկների և այլ ազգությունների ապօրինի միգրանտների հետ մնալ նույն տարածքում մի քանի ամիս շարունակ, ո՞ր կառույցն է պատասխանատու հարցման պատասխանի ուշացման համար՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը, որը միջնորդ օղակ է հարցումը հայաստանյան կառույցներին ուղարկելու համար, թե ՀՀ ոստիկանության անձանգրային վարչությունը:
VERELQ-ի հարցմանն ի պատասխան ՀՀ ոստիկանությունից ստացել ենք հետևյալ գրությունը.
«Անձի ՀՀ քաղաքացիության պատկանելության վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից՝ որպես լիազոր մարմին։ Անձի ՀՀ քաղաքացիության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու կարգը, այն տրամադրելու ժամկետները, ստանալու իրավունք ունեցողների ցանկը և տեղեկատվությունը չտրամադրելու հիմքերը սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թ. հոկտեմբերի 4-ի թիվ 1154-Ն որոշմամբ։
Օտարերկրյա պետություններում՝ ՀՀ քաղաքացին կամ նրա ներկայացուցիչը անձի ՀՀ քաղաքացիության վերաբերյալ տեղեկատվությունը ստանալու համար գրավոր հարցում է ներկայացնում տվյալ պետությունում գործող ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ։ Հարցումը պետք է պարունակի այն անձի անունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, ամիսը, օրը, վայրը, ում քաղաքացիության մասին հայցվում է տեղեկությունը։ Քաղաքացու ներկայացուցչի կողմից գրավոր հարցմանը կցվում են լիազորագիրը, ներկայացուցչի և ներկայացվողի անձնագրերի պատճենները։
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը հարցումն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում տեղեկություն հայցողին տալիս է անձի քաղաքացիության մասին տեղեկանք։ Օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դեսպանության կամ հյուպատոսական հիմնարկի միջոցով անձի քաղաքացիության մասին հարցումով՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը տեղեկանքը տրամադրում է 15-օրյա ժամկետում:
Հաշվի առնելով, որ անձի ՀՀ քաղաքացիությունը որոշվում է ոչ թե անձնագիր ստանալու (բացառությամբ « ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի և 12-րդ հոդվածի 2-րդ մասի նախատեսված դեպքերի), այլ «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հիմքերով հայտնում ենք նաև, որ այն անձի վերաբերյալ, ում քաղաքացիության մասին հայցվում է տեղեկությունը ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բնակության պետական ռեգիստրի տեղեկատվական պահոցում անհատական տվյալների մասին տեղեկությունների բացակայության դեպքում անձի վերաբերյալ կարող են պահանջվել այլ տվյալներ։
Այս պարագայում հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 47 հոդվածի 1-ին մասի «ա» կետը (այն է՝ գործի քննարկման համար էական համարվող հանգամանքները պարզելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ տեղեկություններ կամ փաստաթղթեր ձեռք բերել, որոնք պարտավոր է ներկայացնել տեղեկություն հայցողը), գործի վարույթը կարող է երկարաձգվել մինչև 10 օր։
Հետևաբար ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից քաղաքացիության վերաբերյալ հարցումներին պատասխանելիս ուշացումներ չեն լինում։ Ուշացումները կարող են պայմանավորված լինել այլ հանգամանքներով։
Միաժամանակ հայտնում ենք, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետի համաձայն, եթե գրավոր հարցման մեջ տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, այդ տեղեկությունը դիմողին տրվում է դիմումը ստանալուց հետո՝ 30 օրյա ժամկետում, որի մասին հարցումը ստանալուց հետո 5-օրյա ժամկետում գրավոր տեղեկացվում է դիմողին՝ նշելով հետաձգման պատճառը և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը»,- ասված է Ոստիկանության պատասխանում:
Այսպիսով ստացվում է, որ մի քանի ամիս տևող բյուրոկրատական քաշքշուկի հիմնական պատասխանատուն ՌԴ-ում ՀՀ դեսպանատունն է, որը պատշաճ և հնարավորինս կարճ ժամկետներում չի կարողանում ապահովել հարցման տեղափոխման գործառույթները... թեև ապրում ենք 21-րդ դարում ու գործ ունեն մարդկային ճակատագրերի հետ:
Լիա Խոջոյան