Վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է Doing Business-ի զեկույցում ՀՀ-ի դիրքերի վատթարացման հետ կապված միջգերատեսչական հանձնաժողով կազմել եւ սկսել ակտիվ աշխատանքներ տանել այդ ուղղությամբ:
«Տվյալ զեկույցում Հայաստանի դիրքերի հետ կապված լուրն ընդունում ենք իրատեսական ու արդեն որոշում է կայացվել կազմավորել միջգերատեսչական հանձնաժողով»,- Երեւեւանում նոյեմբերի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Կարեն Կարապետյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանը բիզնեսով զբաղվելու դյուրինությամբ զիջել է իր դիրքերն աշխարհում: Համաշխարհային բանկի «Գործարարություն 2018. բարեփոխումների իրականացում աշխատատեղերի ստեղծման համար» (Doing Business) զեկույցի համաձայն՝ 2017-ին Հայաստանը 47-րդ հորիզոնականում է՝ նախորդ տարվա 38-ի համեմատ:
Հարեւան Վրաստանը, ընդհակառակը, կարողացել է նույն վարկանիշում էականորեն բարելավել իր դիրքերն ու հայտնվել առաջին տասնյակում:
«Թեեւ զեկույցում դասակարգման հիմք հանդիսացող ինդեքսում մենք արձանագրել ենք 0,59 կետով փաստացի աճ, այնուամենայնիվ, երկրների խիստ մրցակցության պայմաններում դա բավարար չի եղել ոչ միայն առաջ գնալու, այլեւ նույն տեղում մնալու համար։
Միեւնույն ժամանակ, մենք պետք է ֆիքսենք այլ կարեւոր ռեյտինգներում մեր երկրի համար արձանագրված առաջընթացը, մասնավորապես՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի Մրցունակության զեկույցում 79-րդ հորիզոնականից 73-րդ բարձրանալը, տնտեսական ազատության ինդեքսով 54-րդ բարձրացել ենք 33 հորիզոնականը։ Սա նշանակում է, որ այսուհետ գնահատվող ցուցանիշներից յուրաքանչյուրի գծով անհրաժեշտ առաջընթացը պետք է դառնա յուրաքանչյուր պատասխանատու կառույցի աշխատանքի հիմնական գնահատականներից մեկը»,- ասաց վարչապետը։
Նրա խոսքով՝ միջգերատեսչական հանձնաժողովը կազմվելու է գերատեսչությունների ղեկավարների մակարդակով եւ նրանք անձնական պատասխանատվություն է կրելու կատարվելիք աշխատանքի համար: «Նախկինում տրված մի շարք հանձնարարականներն ուղղված են հենց այն ոլորտների բարելավմանը, որտեղ արձանագրվել է անկում»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ Հայաստանի թույլ տեղերից է դատական համակարգը, ընկերությունների սնանկացման գործընթացի հետ կապված ընթացակարգերը եւ ֆինանսական (վարկային) հասանելիությունը։
Հատկանշական է, որ Կարեն Կարապետյանը չանդրադարձավ այս վարկանիշում հետընթաց գրանցելու համար պատասխանատվության խնդրին: Չէ, որ այս տարվա օգոստոսին Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի էր ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել էր Հայաստանի գործարար միջավայրի բարելավման (Doing Business) 2017 թվականի միջոցառումների իրականացման ընթացքը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, զեկուցվել է, որ ընթացիկ տարվա համար նախատեսված 49 միջոցառումից արդեն իսկ իրականացվել է 20-ը: Նախատեսվում է, որ 2017թ.-ի միջոցառումների իրականացման արդյունքում Համաշխարհային բանկի անենամյա զեկույցում 150 պետության շարքում մեր երկիրն իր դիրքը կբարելավի 12 կետով: Հայաստանը նախորդ տարի դիրքը բարելավել է 5 կետով եւ զբաղեցրել 38-րդ հորիզոնականը: