Հայաստանը բիզնեսով զբաղվելու դյուրինությամբ զիջել է իր դիրքերն աշխարհում: Համաշխարհային բանկի «Գործարարություն 2018. բարեփոխումների իրականացում աշխատատեղերի ստեղծման համար» (Doing Business) զեկույցի համաձայն՝ 2017-ին Հայաստանը 47-րդ հորիզոնականում է՝ նախորդ տարվա 38-ի համեմատ: Հարեւան Վրաստանը, ըդհակառակը, կարողացել է նույն վարկանիշում էականորեն բարելավել իր դիրքերն ու հայտնվել առաջին տասնյակում:
Զեկույցի համաձայն՝ ԵԱՏՄ երկրների շարքում Հայաստանը նախավերջինն է. Ռուսատանը 35-րդ հորիզոնականում է, Ղազախստան՝ 36, Բելառուսը՝ 38, և Ղրղզստանը՝ 77: Նախկինում հրապարակված վարկանիշի համեմատ անկման պատճառն, ըստ ՀԲ հաղորդագրության, այլ տնտեսությունների գործարարության կարգավորման միջավայրերի նշանակալի բարելավումները, մեթոդաբանական շտկումները և տվյալների վերանայումներն են:
Ըստ զեկույցի, Հայաստանում դյուրացել է էլեկտրաէներգիայի ստացումը՝ միացման ընթացակարգերի համար պարտադրվել են նոր ժամկետներ, կոմունալ ընկերությունում ներդրվել է աշխարհագրական տեղեկությունների նոր համակարգ։ Դյուրացել է գույքի գրանցումը՝ բարելավվել հողերի կառավարման համակարգի վեճերի կարգավորման մեխանիզմները:
Հայաստանում ավելի հեշտ է զբաղվել բիզբեսով քան Ադրբեջանում, որն այս տարի 57-րդ տեղում է: Վրաստանը՝ 9-րդ տեղով, ընդրգկվել է աշխարհի լավագույն տասնյակում: Այն բարելավել է իր դիրքերը 7 հորիզոնականով:
Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գիորգի Գախարիան հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Վրաստանն առաջին տասնյակում է 2016-2017 թթ. իրականացրած կարևոր բարեփոխումների շնորհիվ:
«Վրաստանը նախորդ տարվա համեմատ կարողացել է 7 հորիզոնականով բարելավել դիրքերը՝ զբաղեցնելով 9-րդ տեղը: Սա շատ կարևոր է մեր բիզնես և ներդրումային միջավայրի համար։ Ամենակարևոր վարկանիշներից մեկն է, որը գնահատում է բարդ բիզնես միջավայրը՝ եզրակացությունների հանգում 10 տարբեր բաղադրիչներով: Այսօր մենք կարող ենք ասել, որ Վրաստանը էլիտար երկրների ակումբում է՝ 190 երկրներից այն երկրների տասնյակում, որտեղ գործարարություն կազմակերպելը համարվում է դյուրին ու հարմարավետ»,-ասել է Գախարիան։
Նշենք, որ պաշտոնական տվյալներով 2017թ. առաջին կիսամյակում տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ստացումների (ներհոսքի) ծավալը կազմել է մոտ 1 մլրդ 24 մլն դոլար, այդ թվում՝ ուղղակի օտարերկրյա ներդրումները՝ մոտ 328 մլն դոլար: 2016 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացում է եղել՝ համապատասխանաբար 36.6 և 26.3 տոկոսով։
Նույն Վրաստանում ուղղակի օտարերկրյա ներդրումների ծավալն այս տարվա առաջին կիսամյակում կազմել է շուրջ 751 մլն դոլար (ավելի քան 2 անգամ ՀՀ-ից ցուցանիշից ավել), ինչը 5,5 տոկոսով զիջում է անցյալ տարվա համապատասխան ցուցանիշին:
Հ.Գ. Ի դեպ, օգոստոսին Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի էր ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել էր Հայաստանի գործարար միջավայրի բարելավման (Doing Business) 2017 թվականի միջոցառումների իրականացման ընթացքը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության, զեկուցվել է, որ ընթացիկ տարվա համար նախատեսված 49 միջոցառումից արդեն իսկ իրականացվել է 20-ը: Նախատեսվում է, որ 2017թ.-ի միջոցառումների իրականացման արդյունքում Համաշխարհային բանկի անենամյա զեկույցում 150 պետությունների շարքում մեր երկիրն իր դիրքը կբարելավի 12 կետով: Հայաստանը նախորդ տարի դիրքը բարելավել է 5 կետով և զբաղեցրել 38-րդ հորիզոնականը: