Կիբերանվտանգությունը բազմաթիվ երկրներում այլևս ազգային անվտանգության հարց է դարձել, թեման արդիական է ոչ միայն Հայաստանում, այլ նաև ամբողջ աշխարհում: Այս մասին Կիևում ընթացող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայտարարել է ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Իվետա Տոնոյանը:
Պատգամավորի ելույթի հիմնական շեշտադրումնը Ադրբեջանի կողմից պարբերաբար իրականացվող կիբերսպառնալիքներն ու մարտահրավերներն են, ինչպես նաև 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ իրականացված կիբերհարձակումները:
«Տեղեկատվական տեխնոլոգիաների բուռն զարգացմանը զուգընթաց, բնականաբար, կատարելագործվում են նաև կիբերհարձակումները և փոփոխվում են դրանց իրականացման եղանակներն ու միջոցները, լայնորեն թափանցելով նաև պետության կենսագործունեության գրեթե բոլոր բնագավառներ և առաջացնելով ռիսկեր և սպառնալիքներ: Վառ օրինակ կարող եմ բերել. 2016 թ-ի ապրիլի 2-ին, երբ Արցախում սկսվեցին պատերազմական գործողություններ, մեկնարկեցին նաև ակտիվ կիբերհարձակումներ Ադրբեջանի կողմից: Գաղտնիք չէ, որ ադրբեջանական հաքերային համայնքի հիմնական թիրախներից են Հայաստանը և հայերը՝ անկախ բնակության վայրից։ Հաքերային ամենամեծ ու ակտիվ խմբավորումն անգամ, որն արդեն 5 տարի գործում է, կոչվում է Anti-Armenia Team, որն էլ կազմակերպված հակահայկական հաքերային հարձակումների հիմնական պատասխանատուն է։ Ադրբեջանական հաքերներն աշխատել և աշխատում են հայկական կայքերը «կոտրելու» ուղղությամբ, ինչպես նաև պարբերաբար իրականացնում են DDoS հարձակումներ»,- ներկայացրել է ընդհանուր իրավիճակը Իվետա Տոնոյանը:
Վերջին տարվա ընթացքում, շեշտել է նա, նկատվում է ադրբեջանական հաքերների հարձակումների որակի փոփոխություն։ Դեռ ապրիլյան պատերազմական գործողությունների ժամանակ նկատվեց, որ արդեն որպես թիրախ սկսում են հանդիսանալ ոչ միայն կայքերը, ներքին ցանցերը, այլև առանձին հայ օգտատերերը, իսկ սա, մատնացույց է արել հայ պատգամավորը, մարդու իրավունքների ոտնահարման, անձնական կյանքի իրավունքի կոպտագույն խախտում է: Եվ այս փաստի վրա հրավիրել է բոլորի ուշադրությունը:
«Բարձրացված հարցի շրջանակներում գերակա խնդիր է դառնում և կարևորվում կիբերհանցագործությունների դեմ միասնական պայքարը: Հաշվի առնելով հարցի լրջությունը՝ անհրաժեշտ է պարբերաբար քննարկումներ կազմակերպել այս հարցի վերաբերյալ, ինչպես նաև տեղեկատվության ավելացում և փոխանակում խնդրով մտահոգ երկրների խորհրդարանների միջև։ Ուստի, շահագրգիռ բոլոր պետությունները պետք է ակտիվորեն ներգրավվեն կիբերհանցագործության դեմ պայքարի միջոցառումներին, ինչպես նաև աստիճանաբար բարձրացնեն նմանատիպ միջոցառումների արդյունավետությունը: Սա համընդհանուր չարիք է և դրա դեմ մենք պետք է միասնաբար պայքարենք»,- հավելել է Տոնոյանը։